Գլխավոր Լուրեր Կարող է տարօրինակ թվալ, որ իշխող քաղաքական ուժը ստանում է այդքան ձայն,...

Կարող է տարօրինակ թվալ, որ իշխող քաղաքական ուժը ստանում է այդքան ձայն, բայց այս ընտրություններին առանձնահատուկ քաղաքական կոնտեքստ էր հաղորդվել. Ն. Փաշինյան

1028
0

ՀՀ վարչապետ Նկոլ Փաշինյանը Նյու Յորքի, ինչպես նաև ԱՄՆ համայնքային կառույցների, հայկական կազմակերպությունների բազմաթիվ ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ընդգծել է, որ Հայաստանն այսօր մեծ մարտահրավերներ ունի, որոնց լուծման գործում հույս է կապում նաև սփյուռքի հետ:

«Հայաստանի զարգացման մոդելի առանցքային փոփոխությունը հետևյալն է. Հայաստանում կային մարդիկ, ովքեր բոլորից պահանջում էին ինչ-որ բան անել: Հեղափոխությունը եղավ, երբ մարդիկ արձանագրեցին, որ ինչ-որ բան պետք է անի մեզնից յուրաքանչյուրը: Հեղափոխության առանցքային իմաստն այն է, որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի ինչ-որ պահի զգաց իր դիրքորոշման շրջադարձային ուժը, զգաց, որ դա է Հայաստանի այսօրն ու ապագան որոշելու ճանապարհը:

Ամենևին էական չէ, թե ով կլինի ՀՀ վարչապետի կարգավիճակում՝ ես կամ որևէ մեկը, ամենակարևորն այն է, որ այսօր այլևս միայն ՀՀ քաղաքացին է ազատ, արդար, թափանցիկ, ժողովրդավարական ընտրություններով որոշելու, թե ով պետք է լինի իշխանություն, ով` ընդդիմություն, ով լինի պատգամավոր և ով` ոչ:

Սա ամենակարևոր փոփոխությունն է, որը որևէ պարագայում չի փոփոխվի:

Կարող է տարօրինակ թվալ, որ իշխող քաղաքական ուժը Երևանի ավագանու ընտրություններում ստանում է այդքան ձայն, բայց բոլորդ գիտեք, որ այս ընտրություններին առանձնահատուկ քաղաքական կոնտեքստ էր հաղորդվել. ես խնդրել էի այս ընտրություններում «Իմ քայլը» դաշինքի օգտին քվեարկելով քվեարկել նաև Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների օգտին կամ ընդդեմ դրա»,- կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ ասել է Նիկոլ Փաշինյանը: