Ահավոր բոթ լսեցինք այսօր՝ կյանքի 94-րդ տարում մահացել է հայ ժողովրդի մեծագույն զավակներից մեկը՝ Շառլ Ազնավուրը: Այս մասին facebook-ի ուղիղ եթերում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա, մասնավորապես, ասել է.
«Դժվար է հավատալ, որ մարդը, որը դարաշրջան է կերտել, պատմություն է կերտել, սեր է կերտել, եւ անմնացորդ ծառայել է սեփական ժողովրդին, սեփական ժողովուրդներին, որովհետեւ Շառլ Ազնավուրն ասում էր՝ ես 100 տոկոսով ֆրանսիացի եմ եւ 100 տոկոսով հայ եմ, մարդ, ով 80 տարի իր բեմական գործունեությամբ հիացնում է եւ ջերմացնում է, ջերմացրել է տասնյակ, հարյուր միլիոնավոր մարդկանց, այսօր այլեւս մեզ հետ չի:
Սա իսկապես ցավալի, սգալի օր է մեր երկրի, մեր ժողովրդի պատմության համար: Մահացել է Հայաստանի ազգային հերոս Շառլ Ազնավուրը: Ես հիմա ուզում եմ Հայաստանի Հանրապետության անունից, հայ ժողովրդի անունից պարզապես իմ վշտակցությունը հայտնել, իմ ցավակցությունը արտահայտել մեզ բոլորիս:
Ընդհանրապես ցավակցել մեզ բոլորիս, ցավակցել Ֆրանսիայի ժողովրդին, ցավակցել Շառլ Ազնավուրի ամբողջ աշխարհում ապրող երկրպագուներին, նրա արվեստի սիրահարներին: Սա իսկապես մեծ կորուստ է Հայաստանի համար, հայ ժողովրդի համար, սա մեծ կորուստ է Ֆրանսիայի համար, Ֆրանսիայի ժողովրդի համար: Սա համամարդկային կորուստ է, որովհետեւ Շառլ Ազնավուրը մի մարդ է, որ ստեղծել է ոչ միայն ազգային, այլեւ վերազգային, համամարդկային արժեքներ:
Այդ արժեքները դեռ երկար դարեր կուղեկցեն մարդկությանը, կուղեկցեն դեպի սեր, դեպի համերաշխություն եւ կբարձրացնեն մարդկությունը, կջերմացնեն մարդկանց հոգիները եւ նրանց կմղեն դեպի առաքելություն»:
https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/205606776856432/