Գլխավոր Լուրեր Փաշինյանի հրաժարականի դեպքում խորհրդարանական ուժերն անպայման կառաջադրեն իրենց թեկնածուին, և դա կանխելը...

Փաշինյանի հրաժարականի դեպքում խորհրդարանական ուժերն անպայման կառաջադրեն իրենց թեկնածուին, և դա կանխելը բավական դժվար է լինելու. Արա Պապյան

2334
0

Tert.am-ը գրում է․

«Մոդուս վիվենդի» վերլուծական կենտրոնի տնօրեն Արա Պապյանը ռիսկային է համարում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, քանի որ, ըստ նրա, վստահություն չկա, որ խորհրդարանական մյուս ուժերը՝ ՀՀԿ, ԲՀԿ, ՀՅԴ, չեն առաջադրի վարչապետի թեկնածու:

«Ավելի շատ վստահություն կա, որ նրանք անպայման կառաջադրեն իրենց թեկնածուն, և դա կանխելը բավական դժվար է լինելու, որովհետև խոսքը գնում է երկու շաբաթ շենքը պաշարելու մասին, որը քվեարկությանը խոչընդոտելու միանշանակ տարբերակ չէ: Պարտադիր չէ, որ բոլորն այնտեղ գտնվեն և քվեարկեն, բավարար է՝ գրանցվեն, և արդեն կարող են իրենց քվեն գրավոր ուղարկել»,- ասաց նա:

Մյուս կողմից էլ, ըստ Պապյանի, եթե առաջադրում են վարչապետ և փորձ են անում ընտրելու, դա բախումների հավանականությունը բարձրացնում է:

«Պետք չէ գնալ բախումների»,- ասաց նա և հավելեց, որ պետք է դուրս գալ այսպես ասած օրինականության կաղապարի միջից և գործել երկրում տեղի ունեցած հեղափոխության կամ հեղափոխության փորձի կանոններով:

«Ապօրինության վրա չի կարող օրինականություն խարսխվել: Ակնհայտ է, որ այս Սահմանադրությունը, որը Նիկոլ Փաշինյանն ուզում է խարսխել՝ ապօրինի է, ԱԺ ընտրությունները եղել են ապօրինությունների հիման վրա»,- ասաց նա:

Արա Պապյանը նշեց, որ շատ անգամ ՀՀԿ-ն ասում է, թե ինչու ենք շահարկում ժողովրդի կամքը, և ասում են, որ մի քանի հազար մարդ հավաքվում են, գոռգոռում են:

«Իսկ ինչպե՞ս պետք է իմանան՝ ժողովրդի կամքը որն է, եթե ոչ հանրաքվեի միջոցով: Խոսքը անպայման ռեֆերենդումի մասին չէ, այլ պլեբեսցիտի մասին է, այսինքն՝ հարցախույզ, ժողովրդի քաղաքական կամքի ուժի փաստաթղթավորում»,- ասաց նա և նշեց, որ պետք է հանրաքվե անցկացվի հետևյալ հարցադրմամբ՝ «արդյոք համաձա՞յն եք, որ արտահերթ ընտրություններ տեղի ունենան, և լուծարվի ԱԺ-ը»: Քվեարկում է ժողովուրդը, իսկ իրավունքի գերագույն աղբյուրը ժողովուրդն է, և դրա հիման վրա ստանում ես մեկ անգամ ևս իրավունքի մանդատ և արտահերթ ընտրություններ անում»,- ասաց նա:

Արա Պապյանի խոսքով՝ եթե իրադարձությունները թողնեն՝ այսպես զարգանան, հնարավոր է՝ բոլորովին այլ զարգացումներ լինեն: «Հակահեղափոխական ուժերը կարող են այնպիսի գործողությունների դիմել, որ մեր մտքով անգամ չի անցնում, իսկ դրա համար պետք է զգուշանան ու անցկացնեն հանրաքվե. սա է տարբերակը»,- ասաց նա:

«Մոդուս վիվենդի» վերլուծական կենտրոնի տնօրենն ասաց, որ հակահեղափոխությունը բացահայտ հարձակման է անցել: Նա հղում արեց ՀՀԿ պատգամավոր Միհրան Պողոսյանի՝ ԱԺ-ի հարակից տարածքում քաղաքացիների նկատմամբ ցուցաբերած պահվածքը և դրան հաջորդած սպառնալիքով հայտարարությունը:

«Մարդիկ, ովքեր այսօր պետք է սեղանի տակ թաքնված լինեին, այսօր սպառնում են, հեղափոխությունն ունի իր օրենքները, դրանով պետք է առաջ շարժվել, չի կարելի հեղափոխական վիճակը կառավարել, նախահեղափոխական, հատկապես այդ մարդկանց համար կարված կանոններով»,- ասաց նա: