ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ պատգամավոր Արմեն Աշոտյանը արձագանքել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրառմանը, որտեղ վերջինս առաջարկում էր Աշոտյանին հատ-հատ հրապարակել հանրահավաքի օրվա դեպքերը:
Այս առնչությամբ Աշոտյանը Facebook-ի իր էջում գրել է.
«Տեղեկացա, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը առավոտյան անդրադարձել երեկ ԱԺ-ում հարցուպատասխանի ընթացքում իմ կողմից բարձրաձայնված խնդիրների մասին:
Ընդհանուր առմամբ դրական եմ գնահատում նման հետեւողականությունը, հավելեմ միայն, որ հատկապես վարչապետը պետք է առավել ճշգրիտ լինի իր գռառումներում եւ ինձ չվերագրի բաներ, որ ես չեմ ասել, մասնավորապես՝ ապակիների ջարդելու հետ կապված:
Կարճ հիշեցում եւ պարզաբանումներ:
1. ԱԺ պատգամավոր Ռուզաննա Առաքելյանի մասով
Մինչ մեր հարցուպատասխանը մամուլն արդեն անդրադարձել էր, որ պատգամավորի մասնակցությամբ միջադեպ է եղել, որի արդյունքում պատգամավորի աշխատանքը խոչընդոտվել է: Ես իմ հարցում օգտագործել եմ «երեկ տեղի ունեցածով» բնորոշումը, եւ ոչ թե պետական քարոզչամեքենայի կողմից հրամցվող բռնություն բառը: Հիմա որոշ ԶԼՄ-ներ եւ ոստիկանությունը հերքում են բռնությունը, բայց փաստացի հաստատում միջադեպը: Ուստի փաստեմ, որ ես ԻՐԱՎԱՑԻ էի:
Կխնդրեմ վարչապետին հրահանգել ոստիկանությանը պարզելու, թե այդ միջադեպի արդյունքում ովքեր են խոչընդոտել Ռուզաննա Առաքելյանի, ինչպես նաեւ այլ պատգամավորների պարտականությունների կատարմանը: Մի փոքր հուշում էլ անեմ՝ նաեւ ՀՀ Քրեական օրենսգրքի 301.1 հոդվածը նայեք:
2. Ավտոմեքենաների մասով
Երեկ ԱԺ-ում նույն հարցուպատասխանի ժամանակ ասել եմ, որ «մեքենաներ են վնասվել»: Եվ խոսքը չէր ԱԺ աշխատակազմի մեքենաների մասին, ինչպես որոշ զլմներ ուղղորդված փորձեցին ներկայացնել: Նույն թեմային երեկ, մինչեւ վարչապետի այսօրվա գրառումը, անդրադարձել է նաեւ մամուլը (տես «Հրապարակի» ԵՐԵԿ ՑՈՒՑԱՐԱՐՆԵՐԸ ԽԱԶԵԼ ԵՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՄԵՔԵՆԱՆԵՐԸ, ԻՋԵՑՐԵԼ՝ ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԻ ՄԵՔԵՆԱՅԻ ԱՆԻՎՆԵՐԸ հրապարակումը, որտեղ մատնանշաված է առնվազն երկու պատգամավորի անուն): Այլ պատգամավորների մեքենաների անիվների վնասում, մեքենանենրի վրա վիրավորական գրառումներր եւ խազեր նույնպես եղել են:
Եզրահանգելով՝ հորդորում եմ
1. Վարչապետի մամլո ծառայությանը՝ ժամանակին եւ ամբողջությամբ տեղեկացնել Նիկոլ Փաշինյանին նման հրապարակումների մասին:
2. ՀՀ Ոստիկանությանը՝ ժամանակին եւ օպերատիվ արձագանքել մամուլի նմանատիպ հրապարակումներին եւ չսպասել վարչապետի հետ պատգամավորների հարցուպատասխանին:
3. Պատկան մարմիններին՝ ուսումնասիրել նշված հրապարակումները, այդ թվում՝ պատգամավորների աշխատանքը խոչընդոտելու ահազանգերը, եւ պատշաճ ընթացք տալ:
Պատրաստեմ հնարավորություններիս շրջանակներում ապագայում նույնպես վարչապետին իրազեկել եւ աջակցել ընտրողական մոտեցումներից խուսափելու եւ օրինականության պահպանման հարցերում»: