Գլխավոր Լուրեր Հասկացա, որ դա իր որոշումն է, և ես հարգում եմ այն. Ա....

Հասկացա, որ դա իր որոշումն է, և ես հարգում եմ այն. Ա. Գրիգորյանը՝ իր հոր ինքնասպանության մասին

0
2825

Երբ առաջին անգամ լսեցի, թե ինչպես է մահացել հայրս, սկսեցի մտովի կռվել նրա հետ, բայց հետո հասկացա, որ դա իր որոշումն է, և ես հարգում եմ այդ որոշումը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:

Գրառումը ներկայացնում ենք ստորև.

«Սիրելի ընկերներ, հարազատներ, հարգելի քաղաքացիներ

Անչափ զգացված եմ այս ծանր պահին կողքիս լինելու և ձեր խոսքերով զորակցելու համար։

Ուզում եմ նշել, որ հայրս՝ Վալերի Մուշեղի Գրիգորյանը, կյանքի վերջին մեկ տարում ունեցել է ալցհայմերի հիվանդություն, ինչն էլ իր ազդեցությունն է ունեցել կյանքից հեռանալու նրա որոշման վրա։

Երբ առաջին անգամ լսեցի, թե ինչպես է մահացել հայրս, սկսեցի մտովի կռվել նրա հետ, բայց հետո հասկացա, որ դա իր որոշումն է, և ես հարգում եմ այդ որոշումը։ Այս հարցում իմ ընկալման ելակետն ազատությունն է, որը ամենակարևոր բանն է, որ մարդը կարող է ունենալ:

Ես ընդունում եմ իր այդ որոշումը որպես իր կամքն ազատ արտահայտելու միջոց: Ավելին, համոզված եմ, որ սիրո արտահայտման ամենաբարձր ձևը սիրելի մարդուն իր նախընտրած կերպ լինելու ազատություն տալն է, ինչպես նաև ընդունել սիրած մարդուն այնպիսին, ինչպիսին ինքն է նախընտրում լինել։

Ինձ համար մահը երբեք չի եղել ողբալու կամ սգալու առիթ։ Այն հնարավորություն է արժևորելու մարդու ապրած կյանքը և այն ամենը, ինչ կարողացել է ստեղծել և փոխանցել մարդն իր կյանքի ընթացքում։

Հայրս իր երեխաների մեջ սերմանել է այնպիսի արժեքներ, ինչպիսիք են սկզբունքայնությունը, անարդարության նկատմամբ անհանդուրժողականությունը, ցանկացած իրավիճակում մարդ մնալու կարելիությունը։

Նրա ցույց տված օրինակների շնորհիվ ես սովորել եմ, որ կյանքն անընդհատ կանգնելու և պայքարելու հնարավորություն է:

Եվս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն մարդկանց, ովքեր այս կամ այն կերպ զորակցեցին և փորձեցին կիսել ու թեթևացնել իմ և իմ ընտանիքի վիշտը»։

Հիշեցնենք, որ Արցախի Հանրապետության ոստիկանությունը տեղեկություն էր տարածել, որ հոկտեմբերի 2-ին, ժամը 23:45-ին Մարտունի քաղաքի բնակիչ, 1983թ. ծնված Մ. Գ.- ն հեռախոսով ոստիկանության Մարտունու շրջբաժին է հայտնել է այն մասին, որ նույն օրը Մարտունի քաղաքի առանձնատներից մեկում հայտնաբերել է հորեղբոր՝ Մարտունի քաղաքի բնակիչ Վ.Գ.-ին պարանով կախված վիճակում:

Դեպքի վայր մեկնած օպերատիվ քննչական խումբը պարզել է, որ Վ. Գ.-ն նույն օրը իր առանձնատանը կից բանջարանոցում, թթենու ծառի ճյուղից պոլիէթիլենային պարանով կախվելու միջոցով ինքնասպանություն է գործել: