Ֆրանսիայում՝ Փարիզի կենտրոնում գտնվող պատմական Հաշմանդամների տանը, մեկնարկում է աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի հրաժեշտի ազգային արարողությունը, հայտնում է lefigaro.fr-ն:
Արարողությունը գլխավորում է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: Այն ուղիղ եթերով հեռարձակվում է ֆրանսիական հինգ հեռուստաալիքներով:
Ֆրանսիայի նախագահը ելույթ կունենա Ազնավուրի ընտանիքի անդամների և հրավիրվածների ներկայությամբ:
Հրաժեշտի արարողությանը Ֆրանսիայի կառավարության և խորհրդարանի անդամների հետ միասին ներկա է լինելու նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ռուսական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ հրաժեշտի արարողությանը ներկա է նաև Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը:
Սպասվում է, որ ավելի քան 2000 մարդ կհավաքվի հուշահամալիրի բակում երգչին հրաժեշտ տալու համար: Արդեն ժամանել են երգչուհիներ Միրեյ Մատիեն, Զազը, դերասան Ժան Պոլ Բելմոնդոն, ֆուտբոլիստ Յուրի Ջորկայեֆը:
Ազնավուրի մարմինը դուրս կբերվի համալիրի բակից Ազնավուրի հայտնի «Emmenez-moi» («Տարեք ինձ») երգի դաշնամուրային կատարման ներքո:
Ավելի վաղ հաղորդվել է, որ բանակցություններից հետո Ազնավուրի ընտանիքն ի վերջո համաձայնել է, որ հրաժեշտի ազգային արարողություն կազմակերպվի:
Բազմաթիվ քաղաքական գործիչներ ավելի վաղ կոչ են արել Ազնավուրի պատվին հրաժեշտի ազգային արարողություն կազմակերպել, այդ թվում՝ Ֆրանսիայի մշակույթի նախարար Ֆրանսեզ Նիսենը և նախկին նախագահ Ֆրանսուա Օլանդը:
Շառլ Ազնավուրը մահացել է երկուշաբթի, Ֆրանսիայի հարավ-արևելքում գտնվող իր տանը: Նա մահացել է լոգարանում՝ թոքերի այտուցից առաջացած սրտի և շնչառական խնդիրների հետևանքով:
https://www.facebook.com/ArmPublicTV/videos/1642423689191541/
https://www.facebook.com/BFMTV/videos/256867098304939/