Գլխավոր Լուրեր Պետք է արգելվի թմրամիջոցների և նույնասեռականության քարոզը երեխաների շրջանում. Շարմազանով

Պետք է արգելվի թմրամիջոցների և նույնասեռականության քարոզը երեխաների շրջանում. Շարմազանով

0
2451

Պետք է արգելվի թմրամիջոցների եւ նույնասեռականության քարոզը երեխաների շրջանում: Այս մասին հայտարարություն է տարածել ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը:

Նա, մասնավորապես, նշել է.

«Առաջնորդվելով ազգային եւ քրիստոնեական արժեքների ամրապնդման առաջնահերթությամբ եւ մտահոգված լինելով ժամանակակից աշխարհի հաճախ անվերահսկելի տեղեկատվական հոսքերի պայմաններում երեխաների ներդաշնակ զարգացման վտանգով, գործընկերներիս հետ շրջանառության մեջ եմ դրել օրենսդրական փաթեթ «Երեխաների իրավունքների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն իրականցնելու համար:

Ըստ առաջարկվող փոփոխությունների՝ պետք է արգելվի երեխաների ֆիզիկական, մտավոր եւ հոգեւոր լիարժեք զարգացմանը խոչընդոտող տեղեկատվության տարածումը կամ քարոզչությունը:

Պետությունը պետք է ունենա պոզիտիվ պարտականություն մատաղ սերնդին հնարավորինս թե՛ ֆիզիկական եւ թե՛ հոգեւոր իմաստով առողջ ու ներդաշնակ զարգացում ապահովելու համար: Այդ իմաստով թմրամիջոցների, հոգեմեդ նյութերի, պղծության, նույնասեռականության, սարսափ բովանդակող եւ նմանատիպ վատ երեւույթների քարոզը երեխաների շրջանում պետք է արգելվի:

Հարկ է նշել, որ միջազգային պրակտիկայում եւս անդրադարձ կա երեխաների ներդաշնակ եւ բարոյական դաստիարակության եւ այդ հարցերում պետության դերին ու միջամտությանը՝ ի շահ երեխաների բարոյական եւ բնականոն զարգացման պաշտպանության: Մասնավորապես, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Handsyde v. United Kingdom գործով 1976թ. որոշմամբ եւ Hertzberg v. Finland գործով 1982թ. կայացված որոշմամբ ճանաչել է պետությունների ինքնավարությունը հանրային բարոյականության ոլորտում քաղաքականություն մշակելու եւ իրականացնելու հարցերում:

Քանի որ փոփոխությունների փաթեթը բավականին լայն է եւ բազմաշերտ, կարծում եմ, որ կառաջարկվեն նաեւ այլ օրենսդրական փոփոխությունների, որոնց նպատակը պետք է լինի մեր երկրում ավանդական ընտանիքի, հայ առաքելական եկեղեցու, քրիստոնեական եւ ազգային արժեքների պաշտպանությունը»: