Սյունիքի նախկին մարզպետ Կարեն Համբարձումյանը դադարեցրել է իր անդամակցությունը ԲՀԿ-ին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Սյունիքի՝ օրերս պաշտոնից հեռացած մարզպետ Կարեն Համբարձումյանը։
«Սիրելի՛ սյունեցիներ Ինչպես գիտեք, հոկտեմբերի 4-ին ես դիմում էի գրել պաշտոնից ազատվելու համար, եւ ՀՀ կառավարության որոշումով ազատվեցի Սյունիքի մարզպետի պաշտոնից: Շնորհակալություն եմ հայտնում այս կարճ ժամանակահատվածում արդեն իսկ ձեռքբերած իմ համախոհներին` իմ աշխատանքի, գաղափարների, թիմի հանդեպ ցուցաբերած վստահության, գնահատանքի համար: Ձգտել եմ սկիզբ դնել մարզի համար կարեւոր գործընթացների ու կայուն հուն ապահովել դրանց համար, որոնք, հուսով եմ, շարունակություն կունենան: Շնորհակալ եմ նաեւ իմ ընդդիմախոսներին ու բնական եմ համարում քննադատությունն ու ղեկավար պաշտոնում աշխատող մարդու գործունեության հանդեպ պահանջկոտությունը: Այդուհանդերձ, իմ ծառայությունը Սյունիքին ու մեր հանրապետությանը ես ավարտված չեմ համարում եւ քանի որ անտարբեր չեմ մեր մարզում ու երկրում ընթացող քաղաքական իրողությունների հանդեպ եւ լսելով այս վերջին օրերին ինձ հղված` իմ հայրենակիցների հորդորները, կոչերը, որոնք չեմ կարող հաշվի չառնել` ես դադարեցնում եմ նաեւ իմ անդամակցությունը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը: Համաժողովրդական վերածննդի պայքարն սկսեց ժողովուրդը, սկսեցինք բոլորով, համախմբվեցինք մեկ առաջնորդի շուրջ, եւ դրա վերջնական հաղթանակի ու հաջողության գրավականը կրկին ժողովուրդն է: Ուստի, այսօր եւս պարտավոր ենք լինել մեր քաղաքացիների կողքին, քանի որ որոշիչը բոլորիդ կամքն է, ու պետք է համախմբվենք միասնական պայքարի ու նրա հիմքում եղած գաղափարների շուրջ: Այսուհետ եւս կշարունակեմ ծառայել Սյունիքին, սյունեցիներին ու մեր պետությանը՝ իմ նպաստն ու ջանքը ներդնելով առավել հզոր մարզ ու հայրենիք ունենալու գործում»,- գրել է նա։