Վարչապետ Նիկոլ Փաշինյանը «մարտիմեկյան» իրադարձությունների գլխավոր մասնակիցներից մեկն էր, եւ ընդհանրապես, քաղաքական հաշիվներ մաքրելու եւ պատմությունն իր համար ավելի հարմար համատեքստում վերաշարադրելու փորձերում գլխավոր գործիչներից մեկը: Այս մասին Bloomberg-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը ներկայացրել է այդ հարցազրույցից որոշ հատվածներ, հավելելով, որ ներկայացվող հատվածները ոչ սկզբնաղբյուր ընկերության կայքում, ոչ էլ հայկական ԶԼՄ-ներում չեն հրապարակվել:
Արդյոք ինչ-որ անձնական զգացումներ ունե՞ք պարոն Փաշինյանի հանդեպ։
Պատկերացրեք՝ ես նրա հետ անգամ ծանոթ չեմ։ Ես նրա հետ երբեք չեմ հանդիպել, անձնապես նրան չեմ ճանաչում։ Հնարավոր է՝ նա եղել է ինչ-որ մամուլի ասուլիսների, բայց անգամ չեմ հիշում: Անձնական շփում մենք երբեք չենք ունեցել։
Իսկ երբեք չե՞ք փորձել նրա հետ կապ հաստատել։
Ոչ, երբեք։
Նույնիսկ հիմա՞։
Երբեք, այդ թվում՝ հիմա։
Նա չի՞ փորձել կապվել Ձեզ հետ։
Ես կարծում եմ՝ նրա մոտ ստեղծվել է անձնական ատելություն իմ անձի հանդեպ, եւ այդ ատելությունն այժմ արտահայտվում է տարբեր պետական ինստիտուտների գործունեության մեջ, առաջին հերթին՝ իրավապահ մարմինների։
Ի՞նչ եք կարծում, այս ամենը ընդհանրապես եւ Ձեզ համար մասնավորապես ի՞նչ հանգուցալուծում կունենա:
Բոլոր քաղաքագետները, վերլուծաբանները հասկանում են՝ որ գործող վարչապետը բավականին համոզիչ հաղթանակ կտանի (դեկտեմբերյան ընտրություններում – խմբ.) եւ ամենայն հավանականությամբ, կձեւավորվի միակուսակցական խորհրդարան՝ առանց արժանի կերպով ներկայացված ընդդիմության։ Դա կնշանակի, որ Հայաստանի պետականությունը մեծ խնդիրներ ունի։ Ի դեպ, մեր ամենամեծ հաջողությունները եղել են հենց այն ժամանակ, երբ խորհրդարանում կար խելամիտ տարանջատում, այսինքն՝ ոչ մի կուսակցություն չուներ խորհրդարանական մեծամասնություն, երբ ձեւավորվել էին կոալիցիաներ, երբ բոլոր հարցերը քննարկվում էին այդ կոալիցիայի շրջանակում։ Խոհրդարանում միակուսակցական գերակշռության բոլոր դեպքերը Հայաստանի համար ցավալի ավարտ են ունեցել, եւ, ի դեպ, այն իշխանության փոփոխությամբ, որը գերակշռում էր խորհրդարանում։ Այդպիսին էր 90-ականների սկզբին, այդպիսին էր իրավիճակը վերջին տարիներին՝ թավշյա հեղափոխությունից առաջ։ Դրա համար էլ, կրկնում եմ, դեկտեմբերին ընտրությունները կլինեն Փաշինյանի անձնական տակտիկական հաղթանակը, բայց պարտություն մեր պետականության համար:
Ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչպե՞ս կավարտվի իմ պատմությունը։ Չէի ուզենա գուշակություններ անել: Գիտե՞ք, այսպիսի քաղաքական գերակշռության պայմաններում, որը կարող է ձեւավորվել, չեմ կարող գործնականում կանխատեսել երկրի դատական համակարգի վրա իշխանության ճնշման աստիճանը: Սա աննորմալ իրավիճակ է:
Ասեմ նաեւ քրեական գործի մասով. ինչպես ասաց իմ փաստաբաններից մեկը, այդ քրեական գործի ամենամեծ քննչական գաղտնիքը գործում անհեթեթությունների աներեւակայելի թվաքանակն է: Դա պարզապես իրավական աղբ է, եւ ես չեմ կասկածում, որ կոնկրետ այդ գործը պարզապես հեռանկար չունի Մարդու իրավունքների եվրոպական դատարանում։ Ես հույս ունեմ, որ Հայաստանի դատական համակարգում, չնայած գոյություն ունեցող ճնշմանը, ամեն դեպքում, կարող է արդարացի որոշում լինել:
Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ մարդիկ շատ հակասական կարծիք ունեն Ձեր մասին։ Շատ մարդիկ ատում են Ձեզ, իսկ շատերը՝ հարգում։ Ինչո՞ւ կա այսպիսի խիստ տարանջատում։ Չկա մեկը, ով անտարբեր է։
Ես երբեք չեմ փորձել հաճելի լինել մարդկանց, երբեք պոպուլիզմով չեմ զբաղվել։ Մեր քաղաքացիներն էմոցիոնալ են, նրանք սիրում են, որ ղեկավարը եւս էմոցիոնալ լինի, մշտապես հաճելի բաներ ասի, ցույց տա իր զգացմունքայնությունը։
Խառնվածքով ես այլ եմ, շատ կոնկրետ եմ կառավարման մեջ, մի քիչ չոր, սակայն, ինչպես ցույց են տվել իմ նախագահության տարիները, որոշումներ կայացնելու, իրագործելու, հետեւողական լինելու հարցում՝ արդյունավետ։ Ճգնաժամային իրավիճակներում ինձ միշտ հաջողվել է գտնել ճիշտ ելքեր: Բացատրությունը, կարծում եմ, հենց այստեղ է։
Մարդիկ չեն հերքում, որ իմ նախագահության տարիներին սկսել են շատ ավելի լավ ապրել: Սակայն, կրկնում եմ, ես երբեք քայլեր չեմ արել, որպեսզի պաշտելի լինեմ։ Եվ չեմ կարծում, որ դա պարտադիր բաղադրիչ է հաջողակ պետական գործչի համար:
Հարցազրույցը վարեց Թոնի Հալփինը