Գլխավոր Սպորտ Արթուր Վանեցյան. Չի կարող 20 տարվա փչացրածը 20 օրում շտկվել

Արթուր Վանեցյան. Չի կարող 20 տարվա փչացրածը 20 օրում շտկվել

1855
0

sport.news.am-ը գրում է.

Յուրի Ջորկաեֆը չունի պրոֆեսիոնալ մարզիչի որակավորում եւ չի կարող ղեկավարել մեր ազգային թիմը: Այս մասին հայտարարել է ՀՖՖ նորընտիր նախագահ, ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը:

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի նախախաղային մարզմանը Երեւանի «Հանրապետական» ստադիոնում ներկա էր նաեւ Արթուր Վանեցյանը, որը պատասխանեց լրագրողների հարցերին:

«Ֆուտբոլիստների հետ քննարկեցինք մեր հետագա անելիքները, վաղվա խաղը, նրանց մաղթեցինք լավ հանդիպում: Մաղթեցինք լավ տրամադրություն, որպեսզի տրամադրվեն եւ լավ խաղան:

Ջիբրալթարի դեմ խաղի արդյունքը բոլորդ տեսաք: Չնայած պարտվել ենք, սակայն եթե նայենք մասնագիտական վիճակագրությունը, ապա կտեսնենք, որ լավ խաղ ենք ցույց տվել, սակայն ունենք պարտություն: Պատճառները քննարկել ենք շատ խորը, ենթարկել ենք մասնագիտական վերլուծության եւ, կարծում եմ, առաջիկայում կներկայացնենք երկարաժամկետ ծրագիր, որի մասին ես բարձրաձայնել եմ իմ ընտրվելու օրը:

Այդ ծրագրով կզարգացնենք մեր մանկապատանեկան ֆուտբոլը եւ կունենանք ֆուտբոլիստների մեծ թվաքանակ, որոնցից մարզիչը կկարողանա ընտրել ազգային հավաքականի անդամներին:

Փորձել եմ ոգեշնչել մեր մարզիչին, ասել եմ, որ չընկճվի, բոլոր ուժերը ներդնի վաղվա խաղում: Հուսով եմ, որ վաղը կունենանք լավ արդյունք:

Երկարաժամկետ ծրագիրն արդեն գրվում է եւ առաջիկայում պատրաստ կլինի: Ծրագիր գրելը շատ բարդ գործ է, առաջիկայում կներկայացնենք: Այդ ծրագրի առաջին պտուղները կտեսնենք 4-5 տարի հետո:

Ֆուտբոլը շատ զգայուն թեմա է, եւ մեր ազգը շատ ծանր է տանում: Եթե սովորական երկրպագուն շատ ծանր է տանում, պատկերացրեք, թե ինչ ծանր ենք տանում մենք: Հայաստանում կա մոտ 120 պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ, որոնցից պետք է կազմենք հավաքական:

Մոլուցքի պես մի բան կա, որ ամբողջ աշխարհով փնտրում ենք հայ ֆուտբոլիստների, որպեսզի նրանց բերենք թիմ՝ առանց գնահատելու, լավն է, թե վատը: Տեսնում ենք լավն է, փորձում ենք համոզել եւ բերել հավաքական: Երբեմն լինում են դրական արդյունքներ, երբեմն՝ ոչ:

Դիմում եմ ժողովրդին եւ խնդրում եմ ,որ լցվեն համբերությամբ եւ վստահեն մեզ: Առաջիկայում կտեսնեք գործուն քայլեր եւ կարճ ժամանակից՝ 4-5 տարի հետո, կունենանք արդյունք, որը կերեւա մեր հավաքականներում:

Շատ ցավալի է, որ երիտասարդական հավաքականներում չունենք այն սերունդը, որը պետք է փոխվի: Ունենք այն, ինչ ունենք:

Յուրի Ջորկաեֆի հետ հանդիպել եմ: Նա չունի պրոֆեսիոնալ մարզիչի որակավորում եւ չի կարող ղեկավարել մեր ազգային թիմը: Մենք այսօր ունենք մարզիչ, որը շատ փորձառու է եւ պետք չէ թերագնահատել Արմեն Գյուլբուդաղյանցի պրոֆեսիոնալ հատկանիշները: Նա աճեցրել է մեծ սերունդ ու լավ ֆուտբոլիստներ: Կործում եմ՝ բոլորս պետք է վստահենք Արմեն Գյուլբուդաղյանցին եւ ակնկալենք արդյունքներ: Էլի եմ ասում, որ հրաշքներ չեն լինելու: Չի կարող 20 տարվա փչացրածը 20 օրում շտկվել: Հավատացեք, որքան դուք եք մտածում, 10 անգամ ավելի մենք ենք մտածում այդ հարցի շուրջ: Ամենակարեւորը, որ պետք է ունենանք զարգացման հստակ ծրագիր, որի շնորհիվ կունենանք բազմաթիվ ֆուտբոլիստներ ու ընտրության հնարավորություն:

Ամենակարեւորն այն է, որ ունենանք շատ ֆուտբոլիստներ, ֆուտբոլով զբաղվող շատ մարդիկ: Պետք է զարգանա մանկապատանեկան ֆուտբոլը եւ հասնենք մի մակարդակի, որ մարզիչն ունենա մեծ ընտրության հնարավորություն:

Չեմ ցանկանա քննադատել մեր հավաքականին, բայց եթե օբյեկտիվ լինենք, դիտում ենք խաղը եւ արդյունքները ու տեսնում ենք, որ շատ չի բավարարում այդ արդյունքների համար: Այսինքն՝ այն քննադատությունը, որը հնչում է ֆուտբոլասեր հասարակության ու մասնագետների կողմից, դա հասկանալի է»,- ասել է Արթուր Վանեցյանը:

Շարունակությունը կարդացեք ԱՂԲՅՈՒՐ ԿԱՅՔՈՒՄ։

Նոր տեսանյութ.