«Ազգային ժողովում երեկ տապալվեց Ընտրական օրենսգրքում փոփոխությունների նախագծի քվեարկությունը: Ավելի շուտ՝ քվեարկությունը կայացավ, սակայն կողմ ձայները բավարար չէին: Հավաքվեց պարզ մեծամասնություն, սակայն քանի որ խոսքը սահմանադրական օրենքի մասին էր, անհրաժեշտ էր ձայների 3/5-ը, ինչն էլ չկար, քանի որ ՀՀԿ-ն սաբոտաժի ենթարկեց քվեարկությունը և բոյկոտելով այն՝ կարողացավ տապալել: Այդպիսով, ՀՀԿ-ն, ըստ էության, հաստատեց, թե ինչու են պետք խորհրդարանական շուտափույթ ընտրությունները:
Ակնհայտ դարձավ, որ անհրաժեշտության դեպքում այդ ուժը կարող է տապալել կարևոր օրենսդրական նախաձեռնություններ, որոնք պահանջում են պարզ մեծամասնությունից ավելի: Իսկ Հայաստանում համակարգային բարեփոխումներին առնչվող մի շարք օրենսդրական նախաձեռնություններ անխուսափելիորեն պետք է լինեն այդպիսին, այսինքն՝ դրանք պետք է անցկացվեն ձայների պարզ մեծամասնությունից ավելի ձայների աջակցությամբ:
Ըստ այդմ՝ պարզ է, թե ինչպիսին է ՀՀԿ թեկուզ ոչ մեծամասնական ներուժը այդ հարցում:
Հետևաբար կառավարությունը ցանկացած այդպիսի օրինագիծ կա՝մ պետք է անցկացներ պարբերաբար ժողովուրդ հավաքելով, կա՝մ տեղի տար ՀՀԿ պահանջներին: Կարելի է պատկերացնել թե´ մեկ, թե´ մյուս դեպքում իրավիճակի ոչ միայն զավեշտալիությունը, այլ պարզապես ապակառուցողականությունը պետական կառավարման էֆեկտիվության տեսանկյունից:
Այդպիսով, ՀՀԿ-ն հոկտեմբերի 22-ի սաբոտաժով լավագույնս ապացուցեց խորհրդարանի ընտրությունն արագացնելու անհրաժեշտությունը:
Միևնույն ժամանակ, այդ ընտրությունը պետք է անցնի հին օրենսգրքով, որի ամենախնդրահարույց դրույթ է դիտարկվում, այսպես կոչված, ռեյտինգային ընտրակարգը, որը ՀՀԿ-ն հատուկ ներդրել էր 2017 թվականի խորհրդարանի անաղմուկ ընտրություն անցկացնելու և, ըստ էության, փողով ձայն քերելու համար: Մյուս կողմից, սակայն, այդ մեխանիզմի հովանին քաղաքական իշխանությունն էր, և այլ կերպ լինել չէր կարող: Եվ հիմա քաղաքական իշխանություն ՀՀԿ-ն չունի, հետևաբար հարց է առաջանում, թե ինչի՞ վրա է հույսը: Սակայն ՀՀԿ-ն, խոշոր հաշվով, այլևս երևի թե հույս չի կարող դնել ոչնչի վրա, այլ պարզապես գործում է, այսպես ասած, առավելագույն խանգարելու սկզբունքով՝ չունենալով կորցնելու, ըստ էության, ոչինչ»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: