Ֆիզիկական անձանց համատարած հայտարարագրման թեման լայնորեն քննարկվում է ԶԼՄ-ներում և սոցիալական ցանցերում: Պետական եկամուտների կոմիտեն անհրաժեշտ է համարում տեղեկացնել, որ նախքան նախագծի ներդրումը՝ այն պետք է դրվի հանրային լայն քննարկման, ինչի ընթացքում վեր կհանվեն խնդրի դրական և բացասական կողմերը: Այս մասին հայտնում են ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Ինչ վերաբերում է արտագնա աշխատանքի մեկնած քաղաքացիների եկամուտների հարկման մեխանիզմին, ապա որևէ նման նախագիծ կամ գաղափար առկա չէ: Իսկ ԶԼՄ-ին տված հարցազրույցում ՊԵԿ նախագահի պատասխանը բխել է ռեզիդենտների ստացած եկամուտների հարկման ընդհանուր սկզբունքներից (ՀՀ և արտասահմանյան աղբյուրներից ստացված եկամուտներ), սակայն դա չի նշանակում, որ նրանց եկամուտները ենթակա են լինելու հարկման կամ նման նախագիծ է քննարկվում:
Նշենք՝ «Ռադիոլուրը» հայտնել էր, որ ՊԵԿ-ը շրջանառության մեջ է դրել նոր գաղափար, ըստ որի՝ 2020-ից եկամտային հարկի պոտենցիալ վճարող են դառնալու 18-65 տարեկան ՀՀ բոլոր քաղաքացիները: Դրա առաջին քայլը պետք է լինի քաղաքացու կողմից սեփական եկամուտները պարտադիր հայտարարագրելը, ըստ որի կորոշվի՝ նա ունի՞ հարկման ենթակա եկամուտ, թե՞ ոչ: Այս նախաձեռնությունը որոշակի մտահոգություն է առաջացրել քաղաքացիների շրջանում: Ո՞վ է դառնալու 23 տոկոսանոց հարկի նոր վճարող ու ինչպե՞ս. առաջացած հարցերը ՊԵԿ նախագահի հետ զրույցում փորձել է հստակեցնել Ռադիոլուրը:
ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում պարզաբանել է՝ ո՞ւմ ուղարկված ի՞նչ գումարների հարկման մասին է խոսքը:
«Հարկը գանձվելու է տարեկան կտրվածքով: Ինքն արդեն պետք է իմանա, որ ինքը դրսից գումար է ստացել, դա եկամուտ է, որից ինքը պետք է հարկ վճարի: Հիմա ժողովուրդը կարող է մեզ քննադատել, ասել՝ տարիներ շարունակ մեր հարեւանը, բարեկամը կամ ամուսինը խոպանում գումար է վաստակել եւ ուղարկել, որը չի հարկվել: Այո, այդ գումարը, որը նա վաստակել, ուղարկել է, պետք է որպես եկամուտ հայտարարագրվի, ու դրա հասանելիքը պետք է պետությունը ստանա: Եթե անձը, որն այդ եկամուտը ստացել է, դրսում արդեն հարկվել է, ապա պետք է մեզ ներկայացվեն տեղեկանքները, մենք հաշվի պետք է առնենք այդ հարկը, հանենք տարբերությունը եւ ապա հարկենք մեր օրենքով»: