ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում անդրադարձել է իր հասցեին հնչող այն մեղադրանքներին, թե ինքը խոսում է անվտանգությունից, բայց ՀՀԿ-ի իշխանության շրջանում 800 հեկտար կորցրել ենք և պարտվել:
«Ժողովուրդ ջան, ո՞վ է ձեզ ասել, որ Հայաստանն ու Արցախն Ապրիլյան պատերազմում պարտվել են, նա ուղղակի ոչ միայն խաբել է, այլ նաև դավաճանություն է արել հենց Արցախի, Հայաստանի և այն սպաների ու զինվորների նկատմամբ, որոնք իրենց կյանքով են հատուցել Հայաստանի ու Արցախի քաղաքացիների անվտանգությանը:
Սա դավաճանություն է Ռոբերտ Աբաջյանի և նրա զինակից ընկերների ու սպաների նկատմամբ: Ինչպես կարել է մի երկրի մասին, որը հաղթել է Ապրիլյան պատերազմում, ասել, որ պարտվել է: Մենք 12 մլն հա պահել ենք, որևէ արցախյան բնակավայր թուրքը, ադրբեջանցին չի մտել: Ադրբեջանն ու Ալիևը ֆիասկո են ապրել: Այդ հարյուրավոր տանկերը, որ բերել էին, իրենց նպատակին չեն ծառայել: Մենք հաղթել ենք:
Եթե այդ տրամաբանությամբ նայենք, 1992-1994 թվականներին մենք հաղթել ենք, չէ՞, շնորհիվ մեր միասնության, Արցախի, Հայաստանի, բոլորիս: Բայց մենք 92-94 թթ. Շահումյանն ու Գետաշենը տվել ենք, այդպես է ստացվել: Հիմա ի՞նչ, կանգնենք ասենք, որ քանի որ Գետաշենն ու Շահումյանը կորցրել ենք, ուրեմն 1994 թվականի պատերազմում պարտվե՞լ ենք: Սա ոչ այլ ինչ է, քան քաղաքական կարճատեսություն և դիվերսիա Հայաստանի ու Արցախի նկատմամբ»,-ասել է Շարմազանովը: