Եթե դեկտեմբերի 6-ին կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովում կոնսենսուս չլինի, մենք կշարունակենք աշխատանքը կոնսենսուսի հասնելու ուղսղությամբ, որովհետեւ ՀԱՊԿ-ում որոշումները կայացվում են կոնսենսուսով: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 20-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ընտրության հարցում ՀԱՊԿ-ում ստեղծված իրավիճակին:
Հարցին, թե արդյոք սպասվում է հայկական կողմի պատասխանը Բելառուսի ԱԳՆ խոսնակին, որը հայտարարել էր, թե Նիկոլ Փաշինյանն իրեն միջազգային դատախազի տեղ է դրել, ՀՀ վարչապետի պաշտոնակատարն ասաց. «Բելառուսի ԱԳՆ խոսնակի պատասխանին հայկական կողմից արձագանք եղել է: Ես ինքս, ինչ ունեմ ասելու, բարձրաձայնել եմ: Այս հարցում իմ զրուցակիցը անձամբ Բելառուսի նախագահն է, որից այս պահի դրությամբ արձագանք չեմ ստացել: Ես ինչ ասել եմ, շարունակում եմ պնդել եւ որեւէ կասկած չկա, որ այն, ինչ ասել եմ, դա տեղի կունենա: Այսինքն ես պարզաբանումներ կպահանջեմ տեղի ունեցածի եւ մի շարք այլ գործընթացների վերաբերյալ: Դա նորություն չէ, նախկինում էլ դա տեղի ունեցել է եւ այս գործելակերպը կշարունակվի:
Համենայնդեպս, մենք չենք պատրաստվում լռության մատնել Հայաստանի շահերին առնչվող որեւէ հարց, պատրաստվում ենք հետեւողականորեն, նաեւ գործընկերության միջավայրում պաշտպանել ՀՀ ազգային շահերը»:
Դիտարկմանը, որ այդ «փոխհրաձգությունից» հետո Բելառուսի եւ Ադրբեջանի միջեւ ռազմական հուշագիր է ստորագրվել, հնարավո՞ր է, որ դա Բելառուսի պատասխանն էր Հայաստանին, Փաշինյանն արձագանքեց.
«Երեք ամիս առաջ պայմանագիր ստորագրվել էր հայտնի «Պոլոնեզների »մասով, որի հետ կապված պայմանագիրը ստորագրվել էր շատ ավելի վաղ: Այդ ամենը տեղի էր ունեցել մի պայմաններում, երբ ՀՀ ներկայացուցիչը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնն էր զբաղեցնում: Իհարկե մեր դիրքորոշումը շատ հստակ է, մենք դատապարտում ենք այդ գործարքները, համարում ենք դրան ուղղված են ՀՀ շահերի դեմ, դրանք խաթարում են ՀԱՊԿ գործընկերության բովանդակությունը:
Ինչպես ասել եմ նախկինում, այս փուլի կարեւոր խնդիրներից մեկը հետեւյալն է, որ մենք փոխադարձաբար պետք է պարզաբանումներ ունենանք երկրներից յուրաքանչյուրի համար պետք է պարզ լինի, թե ինչ պարտավորություններ ունի ամեն մի դաշնակցի նկատմամբ, ինչ պարտավորություններ ունեն մեկը մյուսի նկատմամբ, կազմակերպության նկատմամբ եւ կազմակերպությունն ինչ պարտավորություններ ունի երկրների նկատմամբ: Մենք մեր պարտավորությունները դաշնակցային կատարում ենք, ինչը ցավոք, չենք կարող պնդել մի շարք այլ գործընկերների պայմաններում»:
Նիկոլ Փաշինյանը նաեւ հավելեց, որ Հայաստանի խնդիրն է ունենալ այդ հստակեցումները, նոր բովանդակություն հաղորդել ՀԱՊԿ-ին, փոխադարձ հարաբերությունները եւ պարտավորությունները ճշտելու եւ փոխադարձաբար կանխատեսելի ու պարզ փոխհարաբերություններ վարելու համար: