Tert.am-ը գրում է․
ՀՀ Ազգային ժողովն ընդունեց 2019-ի պետական բյուջեի մասին նախագիծը: Նախագծին կողմ քվեարկեց 66 պատգամավոր, դեմ՝4 , ձեռնպահ` 2: Դեմ քվեարկողների թվում էին ՀՀԿ պատգամավորներ Էդուարդ Շարմազանովը, Արփինե Հովհաննիսյանն ու Արմեն Աշոտյանն, ովքեր մինչև քվեարկությունը հայտարարել էին, որի դեմ են քվեարկելու:
«Չնայած այն հանգամանքին, որ ՀՀԿ-ն հայտարարել է կողմ քվեարկելու մասին, ես դեմ եմ քվեարկելու: Սա հետընթաց բյուջե է, ոչ թե իներցիոն, սրանով տնտեսությունը ոչ թե զարգանում, այլ հետընթաց է ապրելու, ներդրումները պակասելու են, ես դեմ եմ քվեարկելու նախագծին»,- հայտարարեց Էդուարդ Շարմազանովը: Սակայն «ՀՀԿ» խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն ասաց, որ իրենց դիրքորոշումը չի փոխվել, բայց որոշ պատգամավորներ ազատ են քվեարկության հարցում:
Վարման կարգով խոսեց նաև Արփինե Հովհաննիսյանը, ով կրկնեց, որ ոչ թե 100 տոկոսով կատարման, այլ չկատարման բյուջե է, և ինքն էլ դեմ կքվեարկի:
Արմեն Աշոտյանը ևս միացավ գործընկերների «ֆլեշմոբին» և նշեց, որ ինքն էլ, հարգելով խմբակցության որոշումը, ուզում է հայտարարել, որ դեմ է քվեարկելու՝ արտահայտելով այն մարդկանց կարծիքը, որոնք հիասթափվել են ժամանակին տրված և չկատարված խոստումներից:
«Կառավարությունն այս բյուջեով պատասխանատվություն չի ուզում կրել, տնտեսական զարգացման հեռանկար չկա այս բյուջեով, դեմ եմ քվեարկելու՝ արտահայտելով մարդկանց հիասթափությունը»,- ասաց նա:
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը նշեց, որ անհավասարության մթնոլորտը դրսևորվել է նախորդ տարիների բյուջեների նախագծերով:
«Մեր խմբակցությունն իր աջակցությունն է ցուցաբերում՝ գործող կառավարության կողմից ստանձնած պարտավորությունների իրականացման համար»,-նշեց նա:
ԱԺ հերթական նիստերում ՀՀԿ, ՀՅԴ և «Ծառուկյան» խմբակցությունները հայտարարել էին, որ կողմ են քվեարկելու բյուջեի նախագծին: ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը բյուջեին նախագիծը բնորոշել էր որպես իներցիոն: Նրա հավաստմամբ` բյուջետային քաղաքականության հիմքում դրված է աշխատանքի խրախուսման քաղաքականությունը: