Գլխավոր Քաղաքական Փաշինյանը կատարել է անհիմն պնդումներ, օգտագործել է սպառնալիքներ. «Սասնա ծռերի» պատասխանը Փաշինյանին

Փաշինյանը կատարել է անհիմն պնդումներ, օգտագործել է սպառնալիքներ. «Սասնա ծռերի» պատասխանը Փաշինյանին

1478
0

«Սասնա ծռեր» կուսակցությունը պաշտոնապես արձագանքել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին՝ կապված «Սասնա ծռերի» հետ:

Հայտարարությունում ասվում է.

«Երեկ՝ 2018 թ. նոյեմբերի 26-ին, ՀՀ ԱԺ ընտրությունների քարոզարշավի շրջանակներում, Արթիկ քաղաքում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար, ՀՀ ԱԺ պատգամավորության թեկնածու, «Իմ Քայլը» դաշինքի առաջնորդ Նիկոլ Փաշինյանը, «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության ներկայացուցիչներին ուղղված իր հայտարարության մեջ կատարել է անհիմն պնդումներ, օգտագործել է սպառնալիքներ եւ վիրավորական ենթատեքստ ունեցող արտահայտություններ:

Մեզ համար խիստ տարակուսելի է պարոն Փաշինյանի նման հայտարարությունը, ուստի հուսով ենք, որ նա առաջին իսկ առիթի դեպքում կպարզաբանի իր խոսքը:

Մինչ այդ՝ վերահաստատում ենք մեր աջակցությունը հեղափոխությանն ու նրա նպատակներին եւ շարունակում ենք պնդել, որ, մեր համոզմամբ, ներկայիս ընտրությունների պայմանները, մեր ազգի ու պետության առջեւ ծառացած մարտահրավերները եւ դրանցով պայմանավորված հասարակական-քաղաքական զարգացումների միտումները մոտավորապես մեկուկես-երկու տարի անց հանգեցնելու են նոր արտահերթ ընտրությունների անհրաժեշտության:

Այդ համոզմունքից ելնելով, մենք առաջարկել ենք համապատասխան նախընտրական ծրագիր, որը պարունակում է նաեւ Նոր Սահմանադրություն եւ նոր Ընտրական օրենսգիրք ու Կուսակցությունների մասին նոր օրենք ընդունելու առաջարկություն, որպեսզի նոր արտահերթ ընտրություններին հասնենք կազմ ու պատրաստ վիճակում եւ, զուգահեռաբար՝ լուծենք այն խնդիրները, որոնք այսօր էլ կանգնած են մեր ազգի ու պետության ճանապարհին:

Միեւնույն ժամանակ՝ մեր հավատարմությունն ենք հայտնում այն բացարձակ ճշմարտությանը, որ քաղաքական ուժերի առաքելությունը գաղափարներ եւ տեսակետներ առաջարկելն է, սակայն որոշողը ժողովուրդն է եւ ժողովուրդը կորոշի բոլորիս անելիքը:

Առիթից օգտվելով՝ հեղափոխությունը առաջնորդած ուժի, ինչպես նաեւ հեղափոխության մեջ ավանդ ունեցող եւ ժողովրդի դեմ չգործած բոլոր ուժերի ներկայացուցիչներին հորդորում ենք ձեռնպահ մնալ միմյանց հարվածելու մարտավարությունից եւ որպես միասնական նպատակ աչքի առաջ ունենալ նախկին հանցավոր ռեժիմի մաս կազմած եւ քրեական օլիգարխիայից զերծ Ազգային ժողով ձեւավորելու հրամայականը»: