Գլխավոր Քաղաքական Հայտնի է Ավետիք Էլոյանի աշխատանքից ազատման պատճառը. վարչապետը չի ներել նրան. «Հրապարակ»

Հայտնի է Ավետիք Էլոյանի աշխատանքից ազատման պատճառը. վարչապետը չի ներել նրան. «Հրապարակ»

1395
0

«Հրապարակ» թերթին հայտնի է դարձել Քաղաքաշինության կոմիտեի նախագահի աշխատանքից ազատման պատճառը։

Հունվարի 31–ի ՀՀ կառավարության նիստում որոշումը կայացվեց աշխատանքից ազատել Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանին: «Հրապարակ» թերթը գրում է. «Մենք օրեր առաջ գրել էինք, որ Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանն ազատվելու է աշխատանքից, թեև նա հերքում էր: Երեկ կառավարության նիստում այդ որոշումը կայացվեց: Էլոյանը նշանակվել էր հունիսին՝ հեղափոխությունից հետո: Երեկ նա ասել է, որ ազատման պատճառներն իրեն հայտնի չեն, ավելին՝ վստահեցրել է, որ մասնագիտական խնդիրներ չեն եղել իր և վերադասի միջև»,–գրում է թերթը:

«Հրապարակի» տեղեկություններով՝ նրա պաշտոնանկության պատճառն ամանորյա հանգիստն է եղել, ավելի ճիշտ՝ այն արտերկրում անցկացնելը:

«Ինչպես ավելի վաղ գրել էինք, վարչապետը ներքին հրահանգ էր տվել կառավարության անդամներին՝ Ամանորն անցկացնել Հայաստանում: Սակայն Էլոյանը մեկնել է ԱՄՆ՝ այնտեղ բնակվող իր ընտանիքի հետ անցկացնելու տոները»,–գրում է օրաթերթը:

Էլոյանը 2002-ից ԱՄՆ-ում է ապրում և աշխատում և Հայաստան էր վերադարձել նոր իշխանության հրավերով: Էլոյանը հեղինակ է Չիկագոյում կառուցված բնակելի երկնաքերերի, Սան Ֆրանցիսկոյի Բրիջ և Լոս Անջելեսի Բեյ կամուրջների ու մի շարք այլ հայտնի կառույցների: Թերթի տվյալներով` Էլոյանը ոչ միայն տոներն անցկացրել է ԱՄՆ-ում, այլև ֆեյսբուքի իր էջում ակտիվ տեսանյութեր է տարածել տոնական հանգստից, ինչը Փաշինյանը, ասում են, չի ներել:

«Ի դեպ, տևական ժամանակ է՝ տեղեկություններ կան, որ նույն պատճառով վարչապետը մտադիր է ազատել նաև արդարադատության երկու փոխնախարարներին՝ Արթուր Հովհաննիսյանին և Սուրեն Քրմոյանին, գործընթացը, թերևս, սառեցվել է, քանի որ մամուլն այդ թեմայով աղմուկ բարձրացրեց»,–գրում է «Հրապարակը»:

Նշենք, որ հունվարի 29-ին նույն պատճառով ազատվել է նաև Անշարժ գույքի պետական կոմիտեի ղեկավարի տեղակալ Արման Պետրոսյանը: