Քանի որ մոտենում է Կառավարության ծրագրի ներկայացման ժամկետը, կրկին պնդում եմ, որ դրա մաս պիտի կազմեն Հայաստան-Եվրամիություն համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի հիմնական դրույթները և ուղղությունները։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
«Այդ համաձայնագիրը, չհակասելով Հայաստանի այլ միջազգային պարտավորություններին և բխելով բացառապես մեր երկրի շահերից, բազմաթիվ ոլորտներում երկարաժամկետ բարեփոխումների ծրագիր է, որն առ այսօր Նիկոլ Փաշինյանի կառավարությունը չի սկսել իրականացնել։
Այս իշխանությունները չունեն երկրի զարգացման տեսլական, բավարար գիտելիք ռազմավարական ծրագրերի մշակման համար։ Ուստի սեփական ծրագրեր չունենալով, գոնե փորձեք մեր օրոք արած մշակումներով և ձեռքբերումներով ոչ միայն գլուխ գովալ, այլև աշխատել»,- գրել է Աշոտյանը: