Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը հրապարակեց «Զիբիլիքս» անունը ստացած ՀՀԿ-ի օգտին քվեարկելու համար կաշառք տալու գործով անցնող 11 մեղադրյալների դատավճիռները:
Դատավոր Տաթևիկ Գրիգորյանը հրապարակեց վճիռները, ըստ որի՝ կաշառքի գործով անցնող երկու մեղադրյալները դատապարտվեցին նվազագույն աշխատավարձի 250.000-ապատիկի չափով տուգանքի: Ամբաստանյալ Հրայր Անտոնյանին դատարանը մեղավոր ճանաչեց՝ դատապարտելով 2,5 մլն դրամ տուգանքի:
Նշենք, որ Երևանի քաղաքապետարանի կոմունալ վարչության նախկին պետ, Արաբկիրի նախկին թաղապետ, ՀՀԿ-ական Հրայր Անտոնյանին դատախազը միջնորդել էր դատապարտել 3 տարվա ազատազրկման։
«ՍԱՍ» սուպերմարկետների ցանցի տնօրեն Ստեփան Սահակյանը ևս դատապարտվեց 2,5 մլն դրամ տուգանքի: Նրանք մեղադրվում են կաշառք տալու գործով, իսկ մյուսները՝ օժանդակելու:
Մեղադրյալներ Արմեն Ազոյանը, Երվանդ Բեգլարյանը, Աշոտ Գևորգյանը, Հովհաննես Գալստյանը, Մինաս Շահինյանը, Ալեքսան Խաչատրյանը, Տարոն Սարգսյանը, Սեյրան Հակոբյանը դատապարտվեցին 2,3 մլն դրամ տուգանքի, իսկ Հեղինե Փոգլարյանը՝ 2 մլն, 250 հազար դրամ տուգանքի:
Դատավճիռը ամբաստանյալները ծափողջյուններով ընդունեցին:
Հրայր Անտոնյանը հայտարարեց, թե արդարությունը վերականգնվեց:
Դատավորը տեղեկացրեց, որ մեկամսյա ժամկետում կարող են բողոքարկել Վերաքննիչ դատարան: Բացի այդ նրանք կարող են ներման խնդրագիր գրել և տուգանքները չվճարել: