Ռուսաստանի Դաշնության տարածքում հայաստանյան որոշ լրատվամիջոցների արգելափակման խնդիրը վերացնելու ուղղությամբ Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունն ակտիվ քայլեր է ձեռնարկում:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին փետրվարի 5-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում լրագրողներին հայտնեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:
«Խնդրի էությունից տեղյակ ենք, և Ռուսաստանում ՀՀ դեսպանությունն ամենօրյա կապի մեջ է ռուսական պատկան մարմինների հետ` խնդրին լուծում տալու ուղղությամբ, և, որքան տեղյակ եմ, այսօրվա դրությամբ որոշ կայքերի հետ կապված մասնակիորեն խնդիրը լուծվել է: Դա իր մեջ նաև որոշակի տեխնիկական բնույթ է պարունակում, և քայլեր ձեռնարկվում են դրանց վերացման ուղղությամբ»,- ասաց Նաղդալյանը:
ԱԳՆ մամուլի խոսնակը հորդորեց այսպիսի խնդիր ունեցող ԶԼՄ-ներին օպերատիվ կերպով դիմել Արտաքին գործերի նախարարություն:
Հարցն ԱԳՆ ասուլիսում հնչեցրել է aysor.am-ի թղթակիցը՝ նշելով, որ կայքն արգելափակված է ՌԴ-ում: