ԵՊՀ մի շարք գիտաշխատողներ այսօր ԵՊՀ կենտրոնական մասնաշենքից քայլերթով գնացին դեպի ՀՀ կառավարության շենք՝ պահանջելով անվավեր ճանաչել 2018 պետության կողմից տրամադրվող բազային ֆինանսավորման ձևի փոփոխության մասին որոշումը:
ԵՊՀ հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացնում են, որ ՀՀ կառավարության կողմից 2018 թվականի դեկտեմբերի 27-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1515-Ն որոշման համաձայն՝ պետության կողմից տրամադրվող գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորումը սահմանվել էր որպես դրամաշնորհ, և որոշվել էր այսուհետ այն հատկացնել մրցութային ընթացակարգով:
Ընդունված որոշման հետևանքների մասին ԵՊՀ գիտաշխատողները բազմիցս հայտնել են իրենց դիրքորոշումները՝ փաստելով, որ այն բացասական հետևանքներ կունենա և կվնասի գիտությանը: Այս հարցի վերաբերյալ իր դիրքորոշումն է հայտնել ԵՊՀ գիտխորհուրդը, ԵՊՀ գիտական քաղաքականության և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Գեղամ Գևորգյանն էլ հանդիպել է լրագրողների հետ և պարզաբանել խնդիրը:
Այսօր արդեն գիտաշխատողները «Հանուն գիտության», «Չթողնենք, որ գիտությունը վերանա» կոչերով և «#գիտություն» պաստառներով ԵՊՀ կենտրոնական մասնաշենքից հասել են դեպի ՀՀ կառավարության շենք՝ իրենց դիմում-առաջարկությունը փոխանցելու պատկան մարմիններին և հարցի վերաբերյալ որոշակի արձագանք ստանալու:
ԵՊՀ կիսահաղորդչային սարքերի և նանոտեխնոլոգիաների կենտրոնի կրտսեր գիտաշխատող, ֆիզմաթ. գիտությունների թեկնածու Հայկ Զաքարյանն ասել է, որ պահանջում են հարցի վերջնական լուծում՝ ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված:
Հայկ Զաքարյանը փաստել է, որ բազային ֆինանսավորումը նախքան այս նորամուծությունը մրցույթով չի եղել, բայց միշտ էլ իրականացվել են մոնիթորինգներ և ստուգումներ. «Այսինքն՝ այն վարկածը, թե մրցութային ընթացակարգով ֆինանսավորումը արդյունավետության խնդիր է լուծում, իրականում թյուրըմբռնում է»:
ԵՊՀ ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտի փոխտնօրեն Աննա Քոթանջյանն ասել է, որ ԵՊՀ-ում դեմ չեն մրցութային կարգին, բայց դեմ են նման կտրուկ շրջադարձերին. «Այսպիսի հապճեպ որոշումներ կայացնելը խաթարում է մեր բնականոն աշխատանքը: Մենք բազմաթիվ միջոցառումներ, միջազգային համաժողովներ ենք պլանավորել, որոնք պետք է իրականացնենք, բայց այսօր չգիտենք, թե աշխատանքային ինչ կարգավիճակ ենք ունենալու մոտ ապագայում: Այսինքն՝ կկարողանա՞նք դրանք իրականացնել, թե՞ ոչ»:
ԵՊՀ անօրգանական քիմիայի ամբիոնի բազային լաբորատորիայի ավագ գիտաշխատող Գևորգ Գրիգորյանն էլ նշել է, որ բողոքի ցույցը քաղաքական որևէ ենթատեքստ չունի. «Չենք պատրաստվում որևէ մեկի հրաժարականը պահանջել, կամ այլ կոչերով հանդես գալ: Պարզապես այստեղ ենք, որ մատնանշենք որոշման բացթողումները և դրանից բխող բացասական հետևանքները: Հուսով ենք՝ ամեն ինչ լավ կվերջանա»:
ԵՊՀ կիսահաղորդչային սարքերի և նանոտեխնոլոգիաների կենտրոնի կրտսեր գիտաշխատող Հայկ Զաքարյանն ընթերցել է գիտաշխատողների դիմում-առաջարկը, որով պահանջվում է կասեցնել կառավարության 1515-Ն որոշումը, կազմակերպել հանրային քննարկումներ գիտության ֆինանսավորման մեխանիզմների, մասնավորապես բազային ֆինանսավորման, կատարելագործման և բարելավման համար ու նախքան գիտության վերաբերյալ ցանկացած որոշում կայացնելը՝ հանրայնորեն քննարկել այն գիտական համայնքի հետ:
«Ամենևին կասկածի տակ չդնելով գիտական և գիտակրթական ոլորտներում բարեփոխումների անհրաժեշտությունը՝ հույս ունենք, որ կառավարությունը հնարավորություն կգտնի փոփոխություններ կատարելու նշված որոշման մեջ: Հետագայում անհրաժեշտ է գիտական ոլորտի աշխատողների լայն մասնակցությամբ մշակել գիտության մասին նոր օրենք՝ սահուն անցում իրականացնելով դեպի ավելի արդյունավետ գիտական և գիտակրթական համակարգ»,- նշված է դիմումի մեջ:
Գիտական համայնքի ներկայացուցիչները ստորագրել են փաստաթուղթը, որը հանձնվել է պատկան մարմիններին:
Ի դեպ, ՀՀ կառավարության այսօրվա նիստի ընթացքում որոշում է կայացվել տրամադրել հիմնադրամի կամ ՓԲԸ կարգավիճակ ունեցող կազմակերպություններին 2019 թվականի բազային և նպատակային ծրագրային ֆինանսավորումը: