Գլխավոր Տնտեսական Գիտական կազմակերպությունները կֆինանսավորվեն կատարողականով. Գիտության կոմիտեն նոր մեխանիզմ է մշակում

Գիտական կազմակերպությունները կֆինանսավորվեն կատարողականով. Գիտության կոմիտեն նոր մեխանիզմ է մշակում

0
1169

Հայաստանում շուտով կներդրվի կատարողականի հիման վրա գիտական կազմակերպություններին ֆինանսավորելու նոր մեխանիզմ: «Արմենպրես»ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը նշեց, որ այս մոտեցումն ընդունված է միջազգային պրակտիկայում: Գիտության կոմիտեն դեռ 2012 թվականից է առաջարկել կատարողականով ֆինանսավորելու գաղափարը, սակայն ինչ-ինչ պատճառներով չի ընդունվել:

«Կատարողականով գիտական կազմակերպություններին ֆինանսավորում իրականացնելը շատ կարևոր գործիք է: Այն կբերի լուրջ մրցակցության գիտական կազմակերպությունների միջև: Արդյունքում, գիտական ինստիտուտները բարձր ֆինանսավորում ստանալու համար կսկսեն ավելի լավ աշխատել»,-ասաց Սամվել Հարությունյանը:

Նրա խոսքով՝ նախատեսվում է սահմանել համապատասխան չափորոշիչներ, ըստ որոնց հաշվի կառնվեն մի շարք հանգամանքներ: Մասնավորապես, հաշվի է առնվելու հիմնարկների հետազոտությունների արդյունավետությունը, կադրային ներուժի գոյությունը, նյութատեխնիկական ապահովվածության աստիճանը, միջազգային գիտակրթական տարածքում ինտեգրման աստիճանը, գիտական արդյունքների առևտրայնացման խնդիրը, ֆինանսական գործունեության արդյունավետությունը և այլն: Յուրաքանչյուր չափորոշիչին տրվելու են միավորներ, որոնց հանրագումարով էլ որոշվելու է գիտական հիմնարկի կատեգորիան: Կոմիտեն նախատեսում է սահմանել 4 կատեգորիա:

«Առաջին կատեգորիայում հայտնված հիմնարկները, բացի բազային ֆինանսավորումից, կստանան բոնուսային գումարներ: Երկրորդ կատեգորիայում հայտնված հիմնարկները նույնպես կստանան բոնուսներ, բայց արդեն փոքր չափով: Երրորդ կատեգորիայում հայտնված հիմնարկները կստանան միայն բազային ֆինանսավորում, իսկ չորրորդ կատեգորիայում եղած հիմնարկները, որոնք, այսպես ասած, բուժման ենթակա չեն, վատ են աշխատել, կամ կմիավորվեն, կամ դրանց լավագույն աշխատողները կտեղավորվեն հարակից ուղղություններով զբաղվող հիմնարկներում»,-ասաց Սամվել Հարությունյանը: