Գլխավոր Լուրեր Հենց ժողովուրդը որոշի ինձ հեռացնել, ես, ամենայն հավանականությամբ, կվերադառնամ լրագրությանը կամ գրքեր...

Հենց ժողովուրդը որոշի ինձ հեռացնել, ես, ամենայն հավանականությամբ, կվերադառնամ լրագրությանը կամ գրքեր կգրեմ. Ն. Փաշինյանի հարցազրույցը շվեյցարական RTS ռադիոկայանին

1304
0

Հայաստանի Հանրապետության նոր վարչապետ, Թավշյա հեղափոխության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը ձգտում է հեղափոխել իր երկրի տնտեսությունը` պահպանելով հավասարակշռություն Ռուսաստանի և Եվրոպայի միջև: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին գրում է շվեյցարական RTS ռադիոկայանը, որի լրագրողը Նիկոլ Փաշինյանին հանդիպել է Դավոսի տնտեսական համաժողովում:

«Նիկոլ Փաշինյանը իր նոր` վարչապետի պաշտոնին պատշաճող կոստյումով, մեծ պատվիրակության ուղեկցությամբ, շրջում է Համաշխարհային տնտեսական համաժողովի միջանցքներով: Մի քանի ամիս առաջ այդ նույն մարդը` նախկին լրագրող` զինվորական համազգեստով, գլխարկով և ուսապարկով, ճառով էր դիմում ամբոխին` Հայաստանի մայրաքաղաք Երևանում:

Իր խաղաղ բնույթի համար «Թավշյա հեղափոխություն» անունը ստացած ժողովրդական շարժումը, նրան հասցրեց վարչապետի կարգավիճակի:

Ընդդիմության առաջնորդից` կառավարության ղեկավար, Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է RTS-ին, որ ինքը մնացել է նույն մարդը: «Ես ինձ համարում եմ ժողովրդի ծառա: Քանի դեռ ժողովուրդը գոհ է, ես կշարունակեմ առաքելությունս: Հենց ժողովուրդը որոշի ինձ հեռացնել այդ պաշտոնից, ես, ամենայն հավանականությամբ, կվերադառնամ լրագրությանը կամ գրքեր կգրեմ»»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, Նիկոլ Փաշինյանի խոսքն է մեջբերել RTS-ը: 

Հոդվածում, մասնավորապես, նշված է.

«Քաղաքական հեղափոխությունից տնտեսական հեղափոխություն»

Նրա առաքելությունը, ինչպես ինքն է անվանում, ի սկզբանե եղել է «Հայաստանը կոռումպացված համակարգից ազատելը»: Այդ նշաձողին հասնելուց հետո Նիկոլ Փաշինյանն իր երկրի համար պատկերացնում է «տնտեսական հեղափոխություն»:

Ահա հունվարի վերջին Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովին նրա ներկայության հիմնավորումը, ինչպես նաեւ Շվեյցարիայում, որտեղ նա հանդիպեց շվեյցարացի եւ սփյուռքահայ գործարարների հետ:

Բայց ամեն ինչ միայն կառավարությունից չէ կախված, նախազգուշացնում է վարչապետը: Ինչպես եւ քաղաքական հեղափոխության դեպքում, Նիկոլ Փաշինյանը հույս է դնում իր ժողովրդի մասնակցության վրա: «Քաղաքացիները գիտեն, որ խաղալու հստակ դեր ունեն: Միակ տարբերությունն այժմ այն է, որ կարիք կա ներդրումներ ներգրավելու»: 

Հավասարակշռություն Ռուսաստանի եւ Եվրոպայի միջեւ

Բայց նախկին խորհրդային Հայաստանի համար` տեղակայված Արեւելքի ու Արեւմուտքի միջեւ, ինչպե՞ս զարգացնել քաղաքական եւ տնտեսական կապերը Եվրոպայի հետ` առանց վիրավորելու կարեւոր դաշնակից Ռուսաստանին: Թվում է հավասարակշռության հարց է:

«Մենք անդամ ենք Եվրասիական տնտեսական միության, որ շատ կարեւոր շուկա է մեր երկրի համար: Սակայն Հայաստանն ունի համաձայնագրեր նաեւ ԵՄ-ի հետ, եւ դա անհամատեղելի չէ:

Մեր կապերը Ռուսաստանի հետ կարեւոր են տնտեսական եւ անվտանգության տեսանկյունից, բայց մեր հարաբերությունը ԵՄ-ի հետ մեզ հնարավորություն է տալիս բարեփոխել մեր քաղաքական, իրավական համակարգը եւ զարգացնել մեր հասարակությունը, այն դարձնել ավելի մրցունակ»:

Այնուամենայնիվ, Հայաստանի վարչապետը պետք է զգույշ լինի` չխաթարելու հավասարակշռությունը: Օրինակ` հարց չկա ՆԱՏՕ-ին միանալու:

«Մենք չենք նախատեսում միանալ այդ կազմակերպությանը: Մենք արդեն համագործակցում ենք ՆԱՏՕ-ի անդամ երկրների հետ, մասնավորապես խաղաղապահ առաքելությունների համար Կոսովոյում, Աֆղանստանում, շուտով` Լիբանանում: Այս համագործակցությունները կշարունակվեն եւ ավելի կզարգանան, որովհետեւ մենք գիտենք խաղաղության իսկական արժեքը»: