Գլխավոր Քաղաքական ԵՄ-ն մեծապես կարևորում է Հայաստանի հետ հարաբերությունների ընդլայնումը. Փաշինյանն ընդունել է Տոյվո...

ԵՄ-ն մեծապես կարևորում է Հայաստանի հետ հարաբերությունների ընդլայնումը. Փաշինյանն ընդունել է Տոյվո Կլաարին

746
0

Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարիի հետ հանդիպմանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորել է Եվրոպական միության հետ հարաբերությունների շարունակական զարգացումն ու կառուցողական երկխոսությունը բոլոր ոլորտներում: Ինչպես տեղեկացրեցին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Նիկոլ Փաշինյանն ընդգծել է ԵՄ անդամ երկրների կողմից Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի հնարավորինս սեղմ ժամկետներում վավերացման անհրաժեշտությունը և համոզմունք հայտնել, որ այն հնարավորություն կտա նոր թափ հաղորդել փոխգործակցությանն ու կնպաստի մեր երկրում տարբեր ոլորտներում բարեփոխումների իրականացմանը:

Գործադիրի ղեկավարն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը հաստատակամ է ժողովրդավարության զարգացման, մարդու իրավունքների պաշտպանության, խոսքի ազատության ամրապնդման, արդար դատական համակարգի կայացման ուղղություններով համակարգային բարեփոխումների իրականացման գործում և այդ նպատակով կարևորում է ՀՀ-ԵՄ համաձայնագրով նախատեսված օժանդակությունն ու համապատասխան ծրագրերի արդյունավետ իրականացումը: Նիկոլ Փաշինյանը գոհունակությամբ է նշել, որ արդեն իսկ եվրոպական կողմին է տրամադրվել համաձայնագրի՝ ժամանակավորապես ուժի մեջ մտած դրույթների կիրարկման ճանապարհային քարտեզը, որը նախատեսվում է քննարկել նաև առաջիկայում՝ ԵՄ գործընկերների հետ նախատեսված հանդիպումների ընթացքում:

Տոյվո Կլաարն ընդգծել է, որ ԵՄ-ն ևս մեծապես կարևորում է Հայաստանի հետ հարաբերությունների զարգացումն ու ընդլայնումը և համոզմունք հայտնել, որ երկկողմ փոխգործակցությունը կշարունակի ընդլայնվել նաև համաձայնագրի ժամանակավոր կիրարկմամբ՝ վերը նշված ճանապարհային քարտեզով նախատեսվող միջոցառումների իրականացմամբ:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը վերաբերող մի շարք հարցեր: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը հավատարիմ է հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի շրջանակում և կարևորել է Արցախի, մասնավորապես քաղաքացիական հասարակության ներգրավումը վստահության կառուցման միջոցառումներում: Վարչապետը համոզմունք է հայտնել, որ այն կնպաստի կառուցողական մթնոլորտի ձևավորմանը բանակցային գործընթացում:

Նիկոլ Փաշինյանը և Տոյվո Կլաարը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային այլ խնդիրների շուրջ: