ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, փետրվարի 13-ին հայտնաբերել և գլխավոր վարչություն բերման են ենթարկել հետախուզման մեջ գտնվող Սևակ Անդրիասյանին։
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, Երևանի բնակիչ, 31-ամյա Անդրիսյանը նախորդ տարվա հունիսի 19-ից հետախուզվում էր իրացնելու նպատակով թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։ Նրա մեքենայի խուզարկությամբ հայտնաբերվել էին սուբուտեքսի կիսված դեղահաբերի 19 կտոր և դեղնականաչավուն զանգվածով կաթուցիչ։ Նա ձերբակալվել էր, ապա ստորագրությամբ բաց թողնվել, ինչից հետո թաքնվել էր քննությունից։