Գլխավոր Տնտեսական Կառավարությունն ու ԿԲ-ն պետք է լրջորեն համագործակցեն ֆինանսական շուկայում տոկոսադրույքների նվազեցման ուղղությամբ....

Կառավարությունն ու ԿԲ-ն պետք է լրջորեն համագործակցեն ֆինանսական շուկայում տոկոսադրույքների նվազեցման ուղղությամբ. վարչապետ

838
0

Կառավարությունը և Կենտրոնական բանկը պետք է լրջորեն համագործակցեն ֆինանսական շուկայում տոկոսադրույքների նվազեցման ուղղությամբ: Այդ մասին փետրվարի 15-ին կառավարության նիստի սկզբում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այստեղ Ազգային ժողովն ու արդարադատության նախարարությունն էլ անելիք ունեն: Ես Ազգային ժողովում իմ ելույթում ասացի, որ Կենտրոնական բանկի մոտավոր հաշվարկներով այսօր 300 մլրդ դրամ գտնվում է բանավիճային փուլում, և այդ գումարը ոչ մեկինը չէ, որովհետև դատական համակարգը ժամանակին այդ լուծումը չի տալիս, ասենք կամ այս կողմն է, կամ այն կողմը: Ընդ որում, այդ գումարի առնվազն կեսի վերաբերյալ բանավեճ չկա. այսինքն՝ նա, ով պետք է վճարի, ընդունում է, որ ինքը պետք է վճարի, նա, ով պետք է ընդունի, ընդունում է, բայց կա որոշակի իրավական պրոցեդուրա, որը պետք է անցնի: Մենք բանկիրների հետ նախորդ տարվա վերջին ունեցած հանդիպման ժամանակ պայմանավորվել էինք, որ նրանք օրենսդրական լուծումներ կառաջարկեն, թե ինչպես կարող ենք այս խնդիրը լուծել: Ինչո՞ւ է սա կարևոր քննարկվող հարցի համատեքստում, որովհետև 300 մլրդ դրամի հայտնվելը ֆինանսական շուկայում հնարավորություններ կստեղծի տոկոսների նվազեցման համար: Ես գիտեմ, որ Կենտրոնական բանկը բավական աշխատանք արդեն արել է, խնդրում եմ միանալ այս աշխատանքին, հնարավորինս արագ այդ օրենսդրական մեխանիզմները մշակել և ուղարկել Ազգային ժողով»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց ՀՀ վարչապետը: