Գլխավոր Լուրեր Մամուլ «168 ժամ». Իշխանությունների անտեսանելի խնդիրը

«168 ժամ». Իշխանությունների անտեսանելի խնդիրը

1593
0

«Հայաստանի ամենակարևոր խնդիրներից մեկը քաղաքական դիսկուրսի բացակայությունն է։ Առաջին հայացքից թվում է՝ բոլորը խոսում են ամեն ինչի մասին, խոսում են ամենուր ու ամեն օր։ Դա իսկապես այդպես է։

Խնդիրն այն է, սակայն, որ այդ խոսակցությունը քննարկում չէ, որովհետև ամենատարբեր հարթակներում ու ձևաչափերում ծավալվող քննարկումներն իրականում ֆունկցիա կամ օգտակար գործողության գործակից չունեն։

Այդ գործակիցը կամ ֆունկցիան առկա է լինում այն դեպքում, երբ հանրային-քաղաքական դիսկուրսը, դրա արդյունք համարվող գաղափարները, ծրագրերը, մտքերը որևէ կերպ ու որևէ չափով ազդում են երկրում կայացվող որոշումների վրա։

Ահա հենց այս տեսանկյունից է, որ ներհայաստանյան դիկուրսի արդյունավետությունը գրեթե զրոյական է։ Որովհետև որքան ավելի շատ քննարկումներ են ծավալվում, որքան ավելի բարձր է հնչում քննադատությունը, այնքան իշխանությունն ավելի է մեկուսանում ու բյուրեղանում՝ մեծացնելով որոշումների կայացման կենտրոնացվածության աստիճանը։

Ասվածի ամենավառ վկայությունը վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթն էր Ազգային ժողովում՝ կառավարության ծրագրի քննարկման վերջում։ Ծրագրի առնչությամբ հնչած տասնյակ քննադատություններին, այդ թվում՝ փաստարկված ու հիմնավոր քննադատություններին, Նիկոլ Փաշինյանը պատասխանում էր ակնհայտ հեգնանքով, սարկազմով ու ատելությամբ։ Նրա ելույթը վկայեց, որ այդ մի քանի օրերի քննարկումն անիմաստ էր, որովհետև այդ քննարկման ընթացքում հնչած որևէ քննադատություն, միտք կամ գաղափար չընդունվեց իշխանության կողմից։

Նույն պատկերն է գրեթե բոլոր հարցերում։ Ֆորմալ առումով ժողովրդավարական իշխանությունը փակ է այլըտրանքային որևէ տեսակետի, առավել ևս՝ քննադատության համար։ Իսկ դա արդեն ավտորիտար իշխանությանը բնորոշ ախտանիշ է։

Ժողովրդավարությունը կենսունակ ու արդյունավետ է այնքանով, որքանով գործում են ժողովրդավարական համակարգի հիմնական բաղադրիչները՝ զսպումների ու հակակշիռների մեխանիզմները, որոնք հաշվի են առնվում որոշումների կայացման գործընթացում։ Հայաստանում պատկերն այլ է. դե ֆակտո կան հակակշիռների բոլոր համակարգերը՝ խորհրդարան, մամուլ, քաղաքացիական հասարակություն, սակայն դրանցից ոչ մեկը որևէ ազդեցություն չունի որոշումների կայացման պրոցեսում։

Այս իրավիճակի շարունակությունն է՛լ ավելի է խորացնելու իշխանության ու հասարակության բևեռացումը՝ իր հերթին՝ մեծացնելով ավտորիտարիզմի չափաբաժինն իշխանության համակարգում, որտեղ փաստացի ամեն ինչ հիմնված է Նիկոլ Փաշինյանի անձի վրա։

Իսկ անձնակենտրոն համակարգերն այնքան ուժեղ չեն, որքան թվում են առաջին հայացքից։ Իրականության մեջ որոշումների կայացման ապակենտրոնացումը, գործողության մեջ իրական ժողովրդավարության հաստատումը բխում է հենց Նիկոլ Փաշինյանի շահերից։ Այլապես մոնոլիտ դարձող նրա իշխանությունը կարող է փլուզվել այնքան հեշտորեն, որքան հեշտորեն ձեռք է բերվել նախորդ տարվա ապրիլին»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: