Թուրքիայի ժխտողական մտքի վայրիվերումները վկայում են ճշմարտության դեմ դրանց անզորության մասին, իսկ Հայոց ցեղասպանության ճշմարտությունը ճանաչված իրողություն է միջազգային համայնքում։ Այս մասին նշել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ մեկնաբանելով Հայոց ցեղասպանության տարելիցին ընդառաջ պաշտոնական Անկարայի հայտարարությունները։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, Աննա Նաղդալյանը Հայոց ցեղասպանության տարելիցի ֆոնին մեկնաբանել է Թուրքիայի կառավարության հայտարարություն առ այն, որ «Հայաստանը վախենում բացել 1915թ․ իր արխիվները, քանի որ դրանից հետո աշխարհը ապացույցներ կստանա, որ 1915թ․ իրադարձությունները «հայերի ցեղասպանություն» չեն, այլ հակառակը՝ հայկական հրոսակախմբերի կողմից Օսմանյան կայսրությունում մուսուլման բնակչության ցեղասպանություն և ոչնչացում»: Բացի այդ, նա անդրադարձել է Թուրքիայի ԱԳ նախարար Մեվլութ Չավուշօղլուի այն հայտարարությանը, որ «իրենց նախնիներով ու պատմությամբ հպարտանում են, քանի որ իրենց պատմության մեջ ցեղասպանություն, գաղութատիրություն չի եղել»:
Աննա Նաղդալյանը Հայոց ցեղասպանության տարելիցին ընդառաջ ցավով արձանագրել է, որ «մենք այս ողջ ժամանակահատվածում ականատես ենք եղել Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտման տարբեր ձևերի»: Նրա խոսքով՝ ժխտումը եղել է հետևողական, իսկ ժխտման ձևերը և բովանդակությունը՝ ոչ։ Դրանք մշտապես ենթարկվել են փոփոխությունների, և Թուրքիան մեկ փորձել է հավասարության նշան դնել ցեղասպանության կատարողների և զոհերի միջև, իսկ այժմ էլ ցեղասպանության մեջ մեղադրում է դրա զոհերին և արդարացնում կատարողներին։ «Հաճախ գործի են դրվում ուղղակի կեղծիքներ, ինչպես, օրինակ, մեր արխիվների փակ լինելու դրույթը, երբ ցեղասպանությամբ զբաղվող բոլոր մասնագետները գիտեն, որ Հայաստանի արխիվները բաց են։ Ժխտողական մտքի այս վայրիվերումները վկայում են ճշմարտության դեմ դրանց անզորության մասին, իսկ Հայոց ցեղասպանության ճշմարտությունը ճանաչված իրողություն է միջազգային համայնքում։
Ցեղասպանությունը ժխտողականության քողի ներքո արդարացնելը ամոթալի և վտանգավոր երևույթ է: Այն խրախուսում է մարդկության և քաղաքակրթության դեմ նոր հանցագործություններ, ինչի դեմ պայքարը միջազգային համայնքի առաջնային պարտավորությունն է»,- նշել էթ Աննա Նաղդալյանը: