Այսօր մենք նշում ենք Սահմանապահի օրը, նկատի ունենալով առաջին հերթին ԱԱԾ-ին, բայց ուզում եմ ընդգծել, որ մեզ հայտնի հանգամանքների բերումով, այսօր սահմանապահ լինելը ոչ միայն աշխատանքային կոչում է, այլև առաքելություն: Եվ այդ առաքելությունն այսօր պատվով կատարում են սահմանապահ զորքերի ծառայողները: Այս մասին այսօր՝ ապրիլի 26-ին, իր ելույթում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Այսօր ՀՀ-ում դե ֆակտո գոյություն ունի այնպիսի հասկացություն, ինչպիսին սահմանապահ գյուղ կամ սահմանապահ բնակավայրն է, և այս առումով Սահմանապահի օրը տոն է ոչ միայն ԱԱԾ սահմանապահ զորքերի, այլև մեր զինված ուժերի, մեր ժողովրդի համար:
Մեզնից յուրաքանչյուրը, անկախ նրանից, թե որտեղ է ապրում, առաջին հերթին մտածում է սահմանի մասին, որովհետև սահմանի անվտանգությունը մեր երկրի, մեր ապագայի, մեր երեխաների անվտանգությունն է»,- նշեց վարչապետը:
Նրա խոսքով՝ Սահմանապահի օրն ունի չափազանց կարևոր նշանակություն, քանի որ Հայաստանի Հանրապետության սահմաններով է տեղորոշվում մեր տեղն աշխարհում:
«Սահմանն ամենախորհրդավոր երևույթներից մեկն է, որ կարող է գոյություն ունենալ կամ գոյություն ունի: Ընդամենը մեկ գիծ, որից թեկուզ մեկ մետր այն կողմ զգում ես տնից հեռու և որից ընդամենը մեկ սմ այս կողմ զգում ես, ինչպես տանը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: