Գլխավոր Դեսից-դենից Ամփոփվեցին #sutNikol նախաձեռնության դրամահավաք-մրցույթի արդյունքները. հատուկ մրցանակի է արժանացել նաև Նիկոլ Փաշինյանը

Ամփոփվեցին #sutNikol նախաձեռնության դրամահավաք-մրցույթի արդյունքները. հատուկ մրցանակի է արժանացել նաև Նիկոլ Փաշինյանը

27638
0

Tert.am-ը գրում է.

#sutNikol նախաձեռնության անդամներ Կոնստանտին Տեր-Նակալյանը, Նարեկ Սամսոնյանը և Արթուր Դանիելյանն այսօր ամփոփեցին ավելի վաղ հայտարարած դրամահավաք-մրցույթի արդյունքները, որը նախատեսում էր ներկայացնել «Նիկոլի ստերը» արվեստի գործերով: Իսկ հաղթողները ստացան շուրջ հազար դոլար գումար:

Երեք անվանակարգում հաղթողներ եղան. պատկերազարդում անվանակարգում մրցանակ ստացավ Արամ Գևորգյանը, լավագույն տեքստ անվանակարգում՝ Գագիկ Ուրումյանը, իսկ տեսանյութի հաղթողը չէր ցանկացել գալ մրցանակաբաշխությանը, ավելին՝ խնդրել էր իր մրցանակը փոխանցել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին, ինչը և կարվի: «Մենք կփոխանցենք, բայց կխնդրենք, որ Նիկոլ Փաշինյանը չհաշվի, թե 480 աշխատատեղ է բացվել»,-ասաց Կոնստանտին Տեր-Նակալյանը:

Բացի այդ, երկու հատուկ մրցանակ տրվեց՝ ժյուրիի համակրանքը վայելած Վարդուհի Մխիթարյանին՝ իր նկարի համար և ևս մեկ հատուկ մրցանակ՝ Նիկոլ Փաշինյանին՝ իր «լայվերի» համար և որպես մրցույթի հերոս՝ 250 դոլարի համարժեք դրամ: Կոնստանտին Տեր-Նակալյանը նշեց, որ Նիկոլ Փաշինյանը կարող է երեք աշխատանքային օրվա ընթացքում գալ և ստանալ գումարը, իսկ եթե չգա, կփոխանցեն Աննա Հակոբյանի հիմնադրամին:

Արթուր Դանիելյանը նշեց՝ մեկ տարի առաջ ստի հիման վրա սահմանադրական կարգը հեղաշրջում կատարեցին: «Իշխանության սրբության շղարշը սկսեցինք ցրել և արդեն նկատում ենք, որ իշխանության ներկայացուցիչները բովանդակային դիսկուսի մեջ փորձում են ներկայացնել վիճակագրություն, ինչը դեռ չի ստացվում, բայց փորձեր կան հիմնավորել իրենց խոստումները, սա արդեն դրական տեղաշարժ է»,-ասաց նա:

Ըստ Արթուր Դանիելյանի՝ Նիկոլ Փաշինյանը հետևողականորեն չի կարողանում որևէ բան անել: «Խոսակցություններ կան, թե ռեպրեսիաներ են սկսում, բայց Նիկոլ Փաշինյանը ոչ դրա ռեսուրսն ունի, ոչ էլ կազմակերպման ունակությունը: Նա ռեպրեսիաների չի կարող գնալ, դա է միակ պատճառը, որ չի անում, հենց կարողանա, կանի»,-ասաց նա և նշեց, որ Նիկոլ Փաշինյանի վարկանիշն էլ առաջվանը չէ:

Նարեկ Սամսոնյանը, նախ անդրադառնալով մրցույթին, նշեց, որ հետաքրքիր հանգանակության ընթացք են ունեցել, և ամենաշատը եղել են ոչ ֆորմալ փոխանցումով հանգանակություն, և բավականին շատ հանգանակություններ վերցնելու ժամանակ չեն ունեցել: «97 հանգանակող ունենք մեկ շաբաթվա մեջ, հավաքվել է 2 միլիոն 700 հազար դրամի մրցակցային ֆոնդ»,-ասաց նա և նշեց, որ դեռ 460 հազարի չափով մնացել է, որը կուղղվի մյուս նախաձեռնություններին:

Ապա խոսելով ֆեյքային համակարգի մասին՝ Նարեկ Սամսոնյանը նշեց, որ դա մշակութային տեռոր է, որը Նիկոլ Փաշինյանի հիմնական զենքն է: Ըստ նրա՝ Նիկոլ Փաշինյանն իրավիճակին չի տիրապետում: «Իրենք չեն հասկանում, որ իրենք էլ փոքրամասնություն չեն, այլ մեծամասնություն են, երբ դա կհասկանան, կհասկանան նաև, որ ընդդիմություն չեն»,-ասաց նա:

Կոնստանտին Տեր-Նակալյանը գտնում է, որ այսօր էյֆորիկ վիճակ այլևս չկա, և նույնիսկ դրա հետքը չի մնացել: «Կա հանդուրժողականության ինչ-որ պաշար նրան հավատացած մարդկանց մոտ, բայց մենք Նիկոլ չենք և չենք ընկնում, փողոցում մարդկանց խնդրենք, քաղցր բաներ ասենք, որ համակիրներ ունենանք, մենք այն, ինչ հիմա ենք ասում, ասում էինք անցած ապրիլին, մայիսին և մեր դիրքորոշումը չենք փոխել»,-ասաց նա: