Գլխավոր Լուրեր Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս Քյարամ Սլոյանի ծննդյան օրն է. նա կդառնար 23...

Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս Քյարամ Սլոյանի ծննդյան օրն է. նա կդառնար 23 տարեկան

1046
0

Քյարամ Սլոյանը ծնվել է 1996 թվականի ապրիլի 27-ին, Արագածոտնի մարզի Արտաշավան գյուղում՝ ազգությամբ եզդի Սլոյանների ընտանիքում:

Նրա հայրը՝ Քյալաշը, եղել է 1988-1994 թվականների Արցախյան պատերազմի ազատամարտիկ։ 2014 թվականին Քյարամ Սլոյանը առաջին զորակոչով ներկայացել է Աշտարակի զինկոմիսարիատ և անցել ծառայության Արցախի Հանրապետությունում:

Քյարամը եղել է Ապրիլյան պատերազմի առաջին զոհերից մեկը։ Նրա զորացրվելուն մնացել էր երկու ամիս:

2016 թվականի ապրիլի 2-ին Ադրբեջանի Հանրապետության Զինված ուժերը արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով հարձակում են գործում Արցախի Հանրապետության ուղղությամբ:

Չորս օր տևած պատերազմը երկու կողմերին հասցնում է մարդկային և տեխնիկական կորուստներ։ Հայկական կողմի կորուստների մեջ էր նաև եզդի զինվոր Քյարամ Սլոյանը։ Նրա մահվան մասին պաշտոնապես հայտարարվել է 2016 թվականի ապրիլի 5-ին մամուլով։

Կապիտան Արմենակ Ուրֆանյանի հրամանատարությամբ ծառայող Քյարամ Սլոյանը իր զինակիցների հետ միասին կարողացել է երկու անգամ հետ մղել հակառակորդի գրոհը։

Ադրբեջանական հատուկ ջոկատայինների գերազանցող ուժերի ճնշման տակ կապիտան Արմենակ Ուրֆանյանը անձնակազմին հրամայել է հեռանալ առաջնագծից, սակայն շարքայիններ Քյարամ Սլոյանը և Ռոբերտ Աբաջյանը, չենթարկվելով հրամանատարի հրամանին, շարունակել են պաշտապանական մարտը:

Քյարամ Սլոյանը զոհվել է ռազմական գործողությունների ընթացքում, ցուցաբերել հերոսական վարք: Սպանվելուց հետո նրա դիակը հայտնվել է Ադրբեջանի Հանրապետության Զինված ուժերի զինծառայողների վերահսկողության տարածքում, գլխատվել և ենթարկվել դիակապտության։ Այդ մասին վկայում են լուսանկարները, տեսահոլովակները և սոցիալական կայքերի հրապարակումները:

2016 թվականի մայիսի 28-ին Քյարամ Սլոյանը ՀՀ նախագահի կողմից հետմահու պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության «Մարտական խաչ» 1-ին աստիճանի պետական շքանշանով։