Այսօր՝ ապրիլի 27-ին, սպանություն է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 16:30-ի սահմաններում, Տաշիրի բժշկական կենտրոնից ոստիկանության Տաշիրի բաժին ահազանգ է ստացվել, որ պարանոցի և ձախ թևի հատվածում ստացած սուր-կտրող-ծակող հարվածի հետևանքով իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Գևորգ Հակոբյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև ոստիկանության Տաշիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Մհեր Վանյանի գլխավորությամբ: Հիվանդանոց են ժամանել նաև Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության խումբը՝ վարչության պետ, արդարադատության գնդապետ Աննա Մանթաշյանի և նույն վարչության Ստեփանավանի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Դավիթ Ղազախեցյանի գլխավորությամբ:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխված, Տաշիր քաղաքի բնակիչ, 15-ամյա Էդիկ Ավոյանը վերակենդանացման բաժանումքում գիտակցության չգալով, մահացել է: Փաստի առթիվ Ա. Մանթաշյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ և ղեկավար է նշանակվել Դ. Ղազախեցյանը: Ոստիկաններն ու քննիչները տաք հետքերով բացահայտել են, որ սպանությունը կատարել է Տաշիր քաղաքի բնակիչ, 15-ամյա Ա. Չ.-ն, ով ոստիկանների և քննիչների կողմից հայտնաբերվել և տեղափոխվել է ոստիկանության Տաշիրի բաժին: