Գլխավոր Լուրեր Հաղթանակ զբոսայգու դիմացի մայթի՝ մեծահարուստների տների կողքի նոր աղբամանները հենց այսօր հանում...

Հաղթանակ զբոսայգու դիմացի մայթի՝ մեծահարուստների տների կողքի նոր աղբամանները հենց այսօր հանում եք. Հ. Մարությանը՝ «Սանիթեքին»

0
1853

Երևանի քաղաքապետ Հայկ Մարուքյանն այսօր քաղաքապետարանում խորհրդակցության ժամանակ անդրադարձել է քաղաքի մաքրության խնդրին: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Նշվում է, որ քաղաքապետարանը բավարար չի համարում քաղաքի ընդհանուր մաքրությունը:

«Այն օրվանից, երբ «Սանիթեք» ընկերությունը ստանձնել է նաև մայրաքաղաքի մաքրության ապահովումը, ինչ-որ բա՞ն է փոխվել Երևանում: Քաղաքում ամեն ինչ նույնն է, նույնն են մարդիկ, նույնն է նաև ձեզ տրամադրվող գումարը, բայց քաղաքն այսօր լուրջ խնդիր ունի: Ի՞նչ է պատահել: Եթե անհրաժեշտություն կա, և պետք է աշխատավարձ բարձրացնեք կամ նոր աշխատուժ ներգրավեք, ապա արե՛ք: Կարևորը քաղաքի մաքրությունն ապահովելն է»,-ասել է նա:

«Սանիթեք» ընկերության ներկայացուցչի խոսքով՝ քաղաքի սանմաքրման հարցում լրացուցիչ խնդիրներ են առաջացնում գերբեռնված շինարարական մեքենաները, որոնք երթևեկության ընթացքում կեղտոտում են փողոցները շինարարական նյութերով: Քաղաքապետը հանձնարարել է ՃՈ հետ համատեղ միջոցներ ձեռնարկել և տուգանել նման վարորդներին:

Քաղաքապետն ադրադարձել է նաև աղբամանների խնդրին՝ ընդգծելով, որ կենտրոնական մի շարք փողոցներում տեղադրված են այրված կամ վնասված աղբամաններ, մինչդեռ որոշ թանկարժեք առանձնատների թաղամասերում միշտ նոր աղբարկղեր են:

«Ազատության պողոտայով դեպի Բաբայան փողոց բարձրանալիս աղբամաններն այրված են, կոտրված կամ էլ ընդհանրապես չկան: Շրջելով Հաղթանակ զբոսայգու դիմացի մայթում՝ մեծահարուստների տների կողքին, տեսնում ես նոր աղբամաններ: Հենց այսօր հանու՛մ եք այդ աղբամանները և դնում այն հատվածներում, որտեղ մեր հազարավոր քաղաքացիներն են անցնում: Իսկ բակային տարածքներում, կարևոր չէ՝ ով է այդտեղ ապրում, տեղադրում եք սովորական աղբամաններ: Եթե այդ թաղամասի բնակիչները ցանկություն կունենան՝ թող իրենց միջոցներով փոխեն», – ընդգծել է քաղաքապետը՝ դիմելով «Սանիթեքի» ներկայացուցիչին: