Գլխավոր Իրավական ԵՊԲՀ-ում և ՔԿՀ-ներում ուսումնասիրություններն ավարտական փուլում են. հետագայում ուսումնասիրություն կսկսենք ուժային կառույցներից...

ԵՊԲՀ-ում և ՔԿՀ-ներում ուսումնասիրություններն ավարտական փուլում են. հետագայում ուսումնասիրություն կսկսենք ուժային կառույցներից մեկում. ՊՎԾ պետի պաշտոնակատար

900
0

Երևանի պետական բժշկական համալսարանում և քրեակատարողական հիմնարկներում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրություններն ավարտական փուլում են: Հետագայում ուժային կառույցներից մեկում կնախաձեռնենք ուսումնասիրություն:

Կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Պետական վերահսկողական ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արգիշտի Քյարամյանը:

«Երկուշաբթի ԵՊԲՀ-ի ուսումնասիրության ամփոփման փուլը կավարտվի։ ՋՕ-երում ուսումնասիրությունները դեռևս շարունակվում են, ջրային ոլորտի ուսումնասիրությունները բավականին դրական արդյունքներ են տվել, ինչի արդյունքում երկու պետական գործ կա հարուցված: Առաջիկայում շարունակվելու են ջրային ոլորտի ուսումնասիրությունները»,- նշեց նա:

Հարցին, թե ԱԱԾ-ում ուսումնասիրություններ չե՞ն իրականացվում, Արգիշտի Քյարամյանը պատասխանեց. «Հետագայում չեմ կարող ասել, թե որ ուժային կառույցում կնախաձեռնենք ուսումնասիրություն, բայց միանշանակ մեր այդ համապատասխան վարչությունը պետք է աշխատի»:

Պատասխանելով լրագրողների հարցին, ինչպես է հասցրել 28 տարեկանում 32 միլիոն դրամ և 48 հազար ամերիկյան դոլար ունեցվածք ձեռք բերել, ՊՎԾ պետի պաշտոնակատարը հայտնեց, որ ունեցվածքը ձեռք է բերել մինչը պաշտոնի անցնելը:

«Դատախազությունում ծառայության եմ անցել 2016-ի հունիսին, 2017-ին ներկայացրել եմ հայտարարագիր, որում ներառել եմ քննարկման առարկա դարձած ողջ ունեցվածքս, այդ թվում շարժական և անշարժ գույք: Այսինքն, իմ առաջին հայտարարագրում ես ամբողջությամբ ներառել եմ ունեցվածքս: Մինչև հայտարարագրման ենթակա պաշտոն ստանձնելը ես ունեցել եմ այդքան գումար»,- ասաց նա:

Արգիշտի Քյարամյանի խոսքով՝ հետագայում ներկայացված հայտարարագրերում էական փոփոխություն չի եղել:

Հիշեցնենք, որ կառավարության ապրիլի 25-ի նիստից հետո Արգիշտի Քյարամյանը լրագրողների հետ զրույցում չէր պատասխանել հարցին, թե 28 տարեկանում ինչպես է վաստակել 32 միլիոն դրամ և 48 հազար ամերիկյան դոլար։ Հաջորդ օրը ՊՎԾ ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարը պարզաբանում էր տարածել:

«Հանրության առաջ հաշվետու եմ: Հանրության առաջ հաշվետու լինելու հանգամանքը նաև հավաստում է նրանով, որ ճեպազրույցից մեկ օր հետո ՊՎԾ ֆեյսբուքյան պաշտոնական էջում ես պարզաբանում ներկայացրի և այդ պարզաբանմամբ որոշակի առումով ֆիքսվեց հայտարարագրված գումարների ծագումնաբանությունը»,- հայտնեց նա:

Քաղաքացու օրը վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Արգիշտի Քյարամյանից կփորձի պարզաբանումներ ստանալ՝ որտեղից իրեն այդ գումարները: Հարցին, թե եղել է խոսակցություն վարչապետի և իր միջև, Արգիշտի Քյարամյանը պատասխանեց. «Իմ և վարչապետի միջև խոսակցությունը կամ վարչապետի կողմից ինձնից պարզաբանում պահանջելու հանգամանքը, կարծում եմ, հրապարակման ենթակա չէ: Բացի այդ, մինչ վարչապետի հայտարարությունը ես արդեն պարզաբանում ներկայացրել էի»:

Tert.am