Գլխավոր Իրավական Գլխավոր դատախազը բնականոն է համարում Միհրան Պողոսյանի և Նարեկ Սարգսյանի արտահանձնման գործընթացը

Գլխավոր դատախազը բնականոն է համարում Միհրան Պողոսյանի և Նարեկ Սարգսյանի արտահանձնման գործընթացը

792
0

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն Ազգային ժողովի նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի և Նարեկ Ալեքսանդրի Սարգսյանի, արտահանձնման գործընթացը բնականոն է համարում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Դավթյանն ասաց մայիսի 2-ին լրագրողների հետ զրույցում:

«Միհրան Պողոսյանի արտահանձնման գործընթացը բնական ընթացքի մեջ է: Արտահանձնման գործընթացի իրականացման ընթացքում անձը կարող է կոնկրետ երկրում դիմել ապաստան ստանալու խնդրով: Միջազգային իրավական կարգավորումների համաձայն՝ այս գործընթացը գաղտնի է: Այսինքն` այն պետությունը, որին դիմում են, պարտավոր է դա չհրապարակել: Նույն գործընթացն է տեղի ունենում նաև Նարեկ Սարգսյանի արտահանձնման պարագայում»,- ասաց Դավթյանը:

Ապրիլի 24-ին Հայաստանի դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության նախկին ղեկավար Միհրան Պողոսյանը Ռուսաստանից քաղաքական ապաստան է խնդրել: Նա ապրիլի 21-ին ՌԴ իրավապահների կողմից ձերբակալվել էր: Իրավապահները նրան հայտնաբերել էին ՌԴ Կարելիայի Հանրապետությունում: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ՌԴ դատարանը բավարարել է ՌԴ դատախազության միջնորդությունը Միհրան Պողոսյանին 40 օրով կալանավորելու վերաբերյալ՝ նրան Հայաստան արտահանձնելու հարցը քննարկելու նպատակով: Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում Պողոսյանը, ով հայտնի է օֆշորային սկանդալով, ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 308-րդ հոդվածի 2-րդ մասով ներգրավվել է որպես մեղադրյալ հանրորեն վտանգավոր այն արարքների կատարման համար, որ նա, օգտագործելով պաշտոնեական դիրքը, վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով գույք է հափշտակել և չարաշահել իր պաշտոնեական լիազորությունները, ինչն առաջացրել է ծանր հետևանքներ: 2019թ. ապրիլի 13-ին ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել Երևանի ընդհանուր իրավասության դատարան` Միհրան Պողոսյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար: Միհրան Պողոսյանի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում: 

Նարեկ Սարգսյանի արտահանձնման համար անհրաժեշտ փաստաթղթերը Գլխավոր դատախազությունից ուղարկվել են Չեխիայի Հանրապետության իրավապահ մարմիններին: Պրահայում հայտնաբերման պահին Նարեկ Սարգսյանը ներկայացրել է Գվատեմալայի քաղաքացու կեղծ անձնագիր՝ Ֆրանկլին Գոնսալեսի անհատական տվյալներով։ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի 37-ամյա որդին գտնվում էր միջազգային հետախուզման մեջ։ Սարգսյանը դեկտեմբերի 6-ին ձերբակալվել է Պրահա-5 թաղամասում գտնվող բնակարաններից մեկում Պրահայի տարածքային ոստիկանության քրեական հետախուզման բաժնի աշխատակիցների կողմից: Նա հիմա գտնվում է նախնական կալանքի տակ: Հայաստանի իրավապահները Նարեկ Սարգսյանին մեղադրանք էին ներկայացրել անցած ամռանը, երբ Երևանի կենտրոնում գտնվող նրա բնակարանում ապօրինի զենք ու թմրանյութ էին հայտնաբերել։ Հունիսի 26-ին Նարեկ Սարգսյանի նկատմամբ հարուցված քրեական գործի համաձայն՝ նրան մեղադրանք առաջադրվեց ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու և թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանք ապօրինի իրացնելու հատկանիշներով։ Նարեկ Սարգսյանին պատկանող բնակարանում իրավապահները հայտնաբերել էին երկու ճամպրուկ թմրամիջոցներ և զենքեր։ Բացի այդ, Ազգային անվտանգության ծառայության հաղորդագրության համաձայն՝ դեռևս 2013-ին Նարեկ Սարգսյանը, չարաշահելով նկարիչ Մարտիրոս Սարյանի ժառանգներից մեկի վստահությունը, նրանից վերցրել է նկարչի 14 գծանկար, իսկ հետո, անտեսելով տուժողի բազմաթիվ պահանջները, հրաժարվել է դրանք վերադարձնել: ԱԱԾ աշխատակիցները Նարեկ Սարգսյանի հաշվառման վայրում անցած ամռանը կատարած խուզարկության հետևանքով հայտնաբերել էին նկարները, ինչպես նաև 115 հազար ԱՄՆ դոլար, 27 հազար եվրո, թանկարժեք ժամացույցներ, բազմաթիվ ոսկյա մետաղադրամներ և զարդեր։