Լեոնարդո դա Վինչիի ԴՆԹ-ն հարավոր է վերականգնվի նրանից պահպանված մազափնջի օգնությամբ։ Մազափունջը գտնվում է մասնավոր հավաքածուում:
Եթե ուսումնասիրությունները և գենետիկ թեստերը ապացուցեն, որ մազափունջն իրոք պատկանում է Լեոնարդո դա Վինչիին, ապա մասնագետները կփորձեն գտնել դա Վինչիի տաղանդի գենետիկական հիմքերը։
Հիշեցնենք, որ աշխարհահռչակ նկարիչը մահացել է ուղիղ 500 տարի առաջ։ Մազափունջը որպես թանգարանային էքսպոնատ կդրվի ցուցադրության Իտալիայի Վինչի քաղաքում, նկարչի անվան թանգարանում։ Սա նկարչի ծննդավայր քաղաքն է։
2016 թվականին մասնագետները հայտարարել էին, որ գտել են դա Վինչիների շառավիղների, որոնք սերում են Լեոնարդո դա Վինչիի եղբորից Դոմենիկոյից և մոտավորապես հետազոտելով 35 սերնդի պարզել են, որ նկարչի անուղղակի շառավիղները այժմ ապրում են Տոսկանայում։
Հետազոտությունները նաև կպարզեն ի վերջո, թե արդյոք նկարչից մասունքներ կան պահպանված ֆրանսիական Ամբուազում։
Բանն այն է, որ իրոք նկարիչը մահացել է Ամբուազում և ամփոփվել Սեն-Ֆլորեն մատուռում, սակայն Ֆրանսիական Մեծ հեղափոխության ժամանակ ամրոցն ու մատուռն ավերվել են, իսկ մասունքները վերահուղարկավորվել են Սեն-Յուբերում։
Սակայն մինչև այժմ չկա միասնական մոտեցում այն հարցի հետ կապված, թե արդյոք վերահուղարկավորված մնացորդները նկարչինն են, թե՝ ոչ։
Երեք տարի առաջ իտալացի բժիշկները պարզել են, որ դա Վինչին մահացել է ինսուլտից։ Բժիշկները նաև կարողացել են վերականգնել դա Վինչիի կյանքի օրագիրը, որտեղ նրանք վերլուծել են նկարչի առողջական վիճակը 1517-19 թթ։
Տեղեկությունները վերցվել են ինչպես նկարչիգրառումներից, այնպես էլ նրա ժամանակակիցների հաղորդած տեղեկություններից, որոնք պահպանվել են տարբեր արխիվային վավերագրերում։
Այսպես, ըստ վերականգված տեղեկությունների, 65 տարեկան հասակում դա Վինչիի մոտ պարալիզացվել է ձեռքը։ Սակայն նա շարունակել է նկարել ու գրել։
Գիտնականները կարծում են, որ նրա ձեռքը դադարել է գործել առաջին ինսուլտից հետո։ Երկրորդ ինսուլտը նկարիչը տարել է 1519-ին, որն էլ եղել է մահացու։
2016 թվականին գիտնականները սկսել են մի մասշտաբային ծրագիր՝ վերականգնել նկարչի ճշգրիտ արտաքինը ԴՆԹ անալիզի օգնությամբ, իսկ անալիզի նյութ են ծառայել նրա պահպանված մազերն ու մաշկի մնացորդները։
Ուշագրավ է, որ մազերի ու մաշկի մնացորդները պահպանվել են նկարչի որոշ կտավներում, ու գիտական խումբը սկսել է իր նախագծի իրականացումը «Մոգերի երկրպագությունը» կտավի հետազոտությամբ։
Գենետիկական նյութերը մասնագետները համեմատելու են նկարչի ծնողների աճյունային մնացորդների օգնությամբ կազմված ԴՆԹ անալիզի տվյալների հետ ու եթե համընկնում լինի, ապա կկարողանան վերականգնել նույնիսկ դա Վինչիի դիմագծերը, նաև հստակ պարզել, թե որտեղ է նա թաղվել ի վերջո։