ԱՄՆ Հյուսիս-Արևմտյան համալսարանի մասնագետները իրականացրած հետազոտություններից հետո հանգել են այն եզրակացության, որ միայն Միացյալ Նահանգներում միլիոնավոր մարդիկ տառապում են սիրտ-անոթային անբավարարությունից, որը առաջացել է ճարպակալումից ու դիաբետից։
Ընդ որում, նման դեպքերում, մարդու կյանքի տևողությունը կրճատվում է ու լիովին հավանական է դառնում նրա վաղաժամ մահանալը։ Ու հենց ճարպակալումից ու դիաբետից առաջացող սիրտ-անոթային համակարգի հիվանդություններն են, որ միլիոնավոր մարդկանց համար հիվանդանոցում հայտնվելու պատճառ են դառնում։
Այսպես, մասնագետները հետազոտել են 1999-2017 թթ մոտ 48 միլիոն մարդու բժշկական տվյալներ, որոնք տրամադրվել են ԱՄՆ Մահվան հանգեցնող հիմնական ու հարակից հիվանդությունների վերահսկման ու պրոֆիլակտիկայի կենտրոնի կողմից, ու 35-84 տարեկան մարդկանց շրջանում որոշակի փոխկապակցվածություն են հայտնաբերել ճարպակալման, դիաբետի, սիրտ-անոթային հիվանդությունների ու մահացության միջև։
Ուշագրավ է այն, որ սկսած 2012 թվականից, մահացությունները այս կատեգորիայում ավելի աճել են, չնայած այն բանին, որ սրտամկանի դիսֆունկցիայի բուժման ոլորտում բժշկությունը զգալի առաջընթաց է գրանցել։ Հաշվարկվել է, որ ընդհանուր առմամբ վեց միլիոն մարդ է տառապում այս կատեգորիայի հիվանդություններով ու կանխատեսումները նրանց համար այնքան էլ բարեհաջող չեն։
Մասնագետները իրավիճակի շտկման մեկ ձև են տեսնում՝ նվազեցնել ռիսկային գործոնների ազդեցությունը։ Խոսքն այս դեպքում արյան բարձր ճնշման իջեցումն է, արյան մեջ խոլեստերինի նվազեցումը և դիաբետի դեպքում՝ համապատասխան պրոֆիլակտիկան։