Tert.am-ը գրում է.
«Երեկ Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել մի հետաքրքիր դեպք: Մարդկանց 40 րոպե սպասեցրել են, որ ֆինանսաբյուջետային հարցերով հանձնաժողովի նիստ գումարեն: 40 րոպե սպասեցրել են ու չեն գումարել»: Այս մասին ԱԺ նիստում հայտարարությունների ժամին հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
«Երբ «Լույս» խմբակցության ներկայացուցիչները քննադատել են, որ քաղաքապետը նախագիծ ունի, որով իր աշխատավարձն է կրկնապատկում, ուռճացնում է աշխատողների թիվը, պետք է գումարվեր ֆինանսաբյուջետային հանձնաժողովի նիստ, որը չի գումարվում: Ասում են՝ «լավ ենք արել, ճիշտ ենք արել, բոյկոտել ենք»: Ուզում եմ հիշեցնել, որ Երևան քաղաքը քննադատվել է՝ որպես պետություն պետության մեջ, ապակենտրոնացման լոբբինգ է արվել, որը չի արվում իշխող կուսակցության կողմից»,- ասաց պատգամավորը:
Ըստ Մարուքյանի՝ խնդիրն է նաև այն, որ քաղաքապետ Հայկ Մարությանը բարձրացնում է իր աշխատավարձը:
«Բոլոր խնդիրները լուծվել ա՞, պետք ա կրկնապատկենք քաղաքապետի աշխատավարձը: Վանաձոր, Գյումրի և մյուս քաղաքներում մանկապարտեզներն անվճար են: Բյուջեն կարելի է այնպես բաշխել, որ մյուս մարզերում ևս մանկապարտեզներն անվճար լինեն: Այդ գումարներն օգտագործվում են բյուջեն ուռճացնելու համար: Պետությունը համահարթեցման բեռ ունի, համահարթեցրեք, էս ի՞նչ վիճակ ա:
Երևանի ավագանիում նստած մարդիկ, այդ թվում՝ Հայկ Մարությանը, մտածում են, որ ուժեղ լեգիտիմ ժողովրդական աջակցություն ունեն ու կարող են այդ տոնով խոսել փոքրաթիվ ընդդիմության հե՞տ: Դուք չեք ընտրվել որպես Երևանի իշխանություն, Ձեզ չեն ընտրել որպես քաղաքապետ ու ավագանի: Վարչապետը կոչ է արել խորհրդարանը ցրելու համար ձայն տալ «Իմ քայլին» և ժողովուրդը ձայն է տվել, հետևաբար՝ Ձեզ հաշվետու պահեք, պատասխանատու պահեք:
Այն ձայները, որ դուք ստացել եք, Նիկոլ Փաշինյանի հայտարարության ձայնն է, և այսօր քաղաքում ինչ պրոբլեմ կա, դրա պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է: Որպես տեղական կառավարման մարմին՝ դուք չեք ընտրվել, պետք չէ ցինիկ պահել, մարդկանց 40 րոպե աստիճանների վրա պահել, հետո ասել՝ լավ ենք արել»,- շեշտեց նա:
Նա կոչ արեց՝ «այդ մարդկանց կարգի հրավիրել»: