ՀՀ պետական եկամուտների կոմիտեն և Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը խորությամբ կուսումնասիրեն որոշ գազալցակայաններում գազի գնի բարձրացման հարցը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ վարչապետ Փաշինյանն այս մասին հայտնեց ԱԺ-ում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ՝ անդրադառնալով Լուսավոր Հայաստան խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանի դիտարկմանը:
Պատգամավորը նշեց, որ ԱԺ-ն ընդունել էր օրենքի նախագիծ, ըստ որի մայիսից սեղմված բնական գազը պետք է հաշվարկվեր կգ-ներով։ «Այս ամբիոնից տրվեցին հստակ պատասխաններ, որ վերջնական սպառողի համար գազի գնի փոփոխություն չի լինի, և միայն հաշվարկի փոփոխություն է: Եվ մենք կողմ քվեարկեցինք, բայց այս պահին գազի գինը տարբեր գազալցակայաններում թանկացել է 10-20%-ով »,-ասաց Եղիազարյանն ու պարզաբանում ուզեց:
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ վերջին օրերերն այդ թեմայով խոսակցություն է ունեցել թե ՊԵԿ նախագահի , Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի պետ հետ: Տեսչական մարմնի պետը հավաստիացրել է, որ 70% գազալցակայաններում խնդիր չկա, կա 30%-ում։ «Ես հանձնարարել եմ, որ ՊԵԿ-ը և վերահսկողության տեսչական մարմինն այդ 30%-ի հետ ավելի խորը ուսումնասիրի՝ հասկանալու, թե ինչն է կատարվում։ Նրանք ինձ շարունակում են հավաստիացնել, որ հաշվարկները ճիշտ են, և գազի գինը չպետք է թանկանա: Ինձ խոստացել են, որ մեկ շաբաթվա մեջ վերջնական եզրակացության կգան: Նաև մարզերում են շրջայցեր կատարում»,-ասաց վարչապետը:
Ապրիլի 9-ին ՀՀ ազգային ժողովն ընդունել էր սեղմված բնական գազի ակցիզային հարկման նպատակով կիրառվող չափման միավորը խմ-ի փոխարեն կգ-ով հաշվելու մասին օրենքի նախագիծը: