Գլխավոր Լուրեր Մայրաքաղաքում շահագործման հանձնվեց Երևանի 2800-ամյակի այգին

Մայրաքաղաքում շահագործման հանձնվեց Երևանի 2800-ամյակի այգին

1782
0

Երևանի քաղաքապետարանի հարակից տարածքում գտնվող Երևանի 2800-ամյակի այգին արդեն բաց է քաղաքացիների ու զբոսաշրջիկների համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամի ֆինանսավորմամբ կառուցված այգու առաջին այցելուներն էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, բարերարներ Միքայել և Կարեն Վարդանյաններն ու այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:

«Սա նվեր է քաղաքին Միքայել և Կարեն Վարդանյանների կողմից: Ի սկզբանե ծրագրված էր մոտ 1 մլն դոլարի ներդրում, սակայն վերջում այն հասավ 5 մլն 300 հազար դոլարի: Այսինքն` ընթացքում ամեն ինչ արվել է ամենաբարձր որակով: Բնականաբար, քաղաքապետարանն ամեն կերպ, ամեն հարցում աջակցել է Վարդանյանների ընտանիքին, և այսօր ամենաբարձր մակարդակի այգի ենք ստացել»,- ասաց քաղաքապետ Հայկ Մարությանը:

Միքայել և Կարեն Վարդանյանների կողմից գլխավոր նախապայմանն այն է, որ այգին մնում է Երևան համայնքի սեփականությունը, և այգու տարածքում արգելվում է որևէ ձեռնարկատիրական գործունեություն: Այգու կառուցապատումից բացի` «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամը 2019թ. սկսած 99 տարիների ընթացքում իր միջոցների հաշվին հոգալու է նաև այգու խնամքի ու պահպանության ծախսերը: