Ընտրատեղամաս գնալու են իրական մարդիկ, ֆեյքերը առայժմ ընտրելու իրավունք չունեն, իսկ իրական պատկերը 180% տարբերվում է իրենց կողմից կեղծ միջոցներով ձևավորած պատրանքների իրականությունից։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել «Մեկ Հայաստան» կուսակցության համահիմնադիր, քաղաքագետ Արթուր Ղազինյանը՝ անդրադառնալով ֆեյքային գրոհներին, հայհոյական գրառումներին՝ ի պաշտպանություն Նիկոլ Փաշինյանի։
Նրա գրառման մեջ, մասնավորապես, ասված է․
«Որոշել էի սրա մասին չգրել, բայց ստիպված եմ . . .
Վերջերս ֆեյսբուքյում հանդիպեցի իմ մի գրառումը լրատվամիջոցներից մեկի կողմից արտատպած նյութի՝ 250 մեկնաբանություններով։
Չալարեցի, կարդացի բոլոր մեկնաբանությունները։
Փնտրում էի հակափաստարկներ, հակառակ կարծիք կամ բովանդակային հակադարձում։ Իզուր էր, չկար …
Դրանց 90%ը ֆեյք օգտատերեր էին, որոնց ձեռագրից ու օգտագործած բառակազմից հասկացա, որ գործել է 3 ֆեյքային ֆաբրիկա։
Մոտավորապես 8%ը Հայաստանից դուրս բնակվող հայեր էին, իսկ 2%ը՝ իրական օգտատեր, որոնցից 2-ը կամ 3-ը խիստ վիրավորական էին արտահայտվել իմ անձի և ընտանիքի հասցեին։
Գտա մեկին, խնդրեցի որ իր իսկ բարեկամները իրենց ձեռքերով բերեն ինձ մոտ։
Ուրեմն պետք էր տեսնել այդ ճիվաղի պզուկոտ դեմքը, երբ ես մոտեցա իրեն։
Վախից արեց տակը . . . Շատ խղճալի տեսարան էր։ Ինձ ասում է՝ Ձեզ չեմ ճանաչում, ուղղակի բոլորը գրում էին, ես էլ գրեցի . . .
Ուրեմն ասեմ, բացարձակ չեմ նեղվում, քանի որ 101% վստահություն ունեմ, որ չկա Հայաստանում և նրա սահմաններից դուրս մեկը, որ կհամարձակվի արտաբերել իր գրածի 10%ը իմ դիմաց՝ աչքերիս մեջ նայելով։
Ում են «լավություն» անում այդ ֆաբրիկան կառավարողները, Փաշինյանի՞ն։
Միթե չեն հասկանում, որ վերջին հաշվով ընտրատեղամաս գնալու են իրական մարդիկ, ֆեյքերը առայժմ ընտրելու իրավունք չունեն, իսկ իրական պատկերը 180% տարբերվում է իրենց կողմից կեղծ միջոցներով ձևավորած պատրանքների իրականությունից։
Լավություն չեք անում, շատ մեծ վատություն եք անում Փաշինյանին, իսկ ձեր արածի դիմաց իմ արածը իրականում մեծ լավություն է նրան, քանի որ ի տարբերություն նախկին իշխանությունների, ես չեմ տենչում Փաշինյանի իշխանության տապալումը, չունեմ ֆեյքային հակառակ ֆաբրիկաներ, այլ իրականում ուզում եմ, որ նա հաջողի իր առաքելության մեջ, չթուլացնի Հայաստանն ու Հայկական պետականությունը, ամուր և արդյունավետ դարձնի պետական և ազգային ինստիտուտները։
Իսկ սխալներ կան, ու շատ լուրջ, որոնց մասին պետք է խոսել, բարձրաձայնել, տալ հնարավորություն ուղղել դրանք և այլևս չկրկնել։
Հարգելի պարոն Փաշինյան, մտածեք այդ մասին և դադարեցրեք երազանքների թագավորության ձևավորումը, այն Ձեզ շատ է խանգարում։
Ինչ որ պահին Դուք կհայտնվեք wishful thinking միջավայրում, որտեղ հայտնվել էին նախկին իշխանությունները, իսկ դա արդեն կլինի աղետալի ոչ միայն Ձեր, այլ նաև Հայաստանի և Հայ ժողովրդի համար»։