1994 թ. մայիսի 12-ի Համաձայնագիրն ունի առանցքային նշանակություն, քանի որ այն վերջ դրեց ադրբեջանական իշխանությունների կողմից սանձազերծված պատերազմին, հակամարտությունը տեղափոխեց քաղաքական-դիվանագիտական հուն և պայմաններ ստեղծեց, որպեսզի կողմերը միջազգային միջնորդների աջակցությամբ կարողանան իրենց ջանքերն անմիջականորեն կենտրոնացնեն բանակցությունների միջոցով հակամարտության վերջնական կարգավորման ուղիներ փնտրելու վրա։
Սույն Համաձայնագրի ստորագրումը, որն առայսօր հակամարտության կարգավորման գործընթացում միակ իրական ձեռքբերումն է, հնարավոր է դարձել մի շարք գործոնների շնորհիվ: Նախ` Արցախի Պաշտպանության բանակին հաջողվեց հետ մղել Ադրբեջանի զինված ագրեսիան, լրջորեն խաթարել Բաքվի ռազմական ներուժը և հարկադրել նրան նստել բանակցային սեղանի շուրջ: Երկրորդ, հայտնվելով լուրջ ռազմական պարտությունների առջև, Ադրբեջանի ղեկավարությունը ոչ միայն դադարել էր խոչընդոտել բանակցային գործընթացում Արցախի լիարժեք ներգրավվածությունը՝ որպես հակամարտության հիմնական կողմերից մեկը, այլև հենց ինքն է բազմիցս նախաձեռնել պաշտոնական Ստեփանակերտի հետ անմիջական շփումներ, այդ թվում՝ ամենաբարձր մակարդակով: Այս շփումների շնորհիվ ձեռք է բերվել շուրջ 10 պայմանավորվածություն՝ ռազմական գործողությունների սահմանափակման, ժամանակավոր հրադադարի կամ դրա երկարաձգման մասին, ինչն էլ արդյունքում հանգեցրել է Կրակի և ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին անժամկետ համաձայնագրի ստորագրմանը։
Այսօր՝ 25 տարի անց, 1994 թ. մայիսի 12-ի Համաձայնագիրը շարունակում է մնալ հրադադարի ռեժիմի և Հարավային Կովկասում տարածաշրջանային խաղաղության և անվտանգության պահպանման իրավական հիմքը: Այս փաստն անվերապահորեն ընդունված է միջազգային հանրության կողմից, ինչի մասին վկայում է 2016 թ. Ադրբեջանի կողմից սանձազերծված ապրիլյան պատերազմին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ Ռուսաստանի, ԱՄՆ և Ֆրանսիայի, ինչպես նաև ՄԱԿ Գլխավոր քարտուղարի, ԵԱՀԿ Գործող նախագահի և Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարի արձագանքը, ովքեր կոչ են արել խստորեն հետևել 1994 թ. մայիսի 12-ի կրակի լիակատար դադարեցման մասին Համաձայնագրին և 1995 թ. փետրվարի 6-ի հրադադարի ռեժիմի ամրապնդման մասին Համաձայնագրին:
Կրակի լիակատար դադարեցման մասին Համաձայնագրի գործունությունը հաստատում է, որ կարգավորման գործընթացում իրական հաջողության հասնել հնարավոր է բանակցությունների լիարժեք եռակողմ ձևաչափում, որը, միջազգային իրավունքի համաձայն, հաշվի է առնում հակամարտության բոլոր կողմերի շահերն ու մտահոգությունները: Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը գտնում է, որ հակամարտության կարգավորմանն անհրաժեշտ խթան հաղորդելու համար հարկ է, մի կողմից, վերսկսել ուղղակի եռակողմ բանակցությունները, մյուս կողմից, հետևողականորեն ամրապնդել հրադադարի ռեժիմը, այդ թվում նաև` դրա վերահսկման միջազգային մեխանիզմի ներդրման միջոցով, որը նախատեսված է 2016 թ. Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածություններով: Կարևոր է նաև վերականգնել հակամարտող ուժերի սահմանազատման գիծը, որը ռազմական գործողությունների դադարեցման ժամանակ երեք կողմերի միջև համաձայնեցվել և ամրագրվել է ՌԴ Պաշտպանության նախարարության միջնորդությամբ` որպես հրադադարի ռեժիմի բաղկացուցիչ մաս:
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը վերահաստատում է պաշտոնական Ստեփանակերտի հավատարմությունը հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը և Ադրբեջանի իշխանություններին կոչ է անում հրաժարվել դրա ուժային լուծման անհեռանկարային քաղաքականությունից, ինչը թույլ կտա անշրջելի դարձնել խաղաղ գործընթացը և տևական խաղաղություն ու կայունություն հաստատել Հարավային Կովկասի տարածաշրջանում»: