Գլխավոր Լուրեր «Ուժի չկիրառումը ոչ մի կողմի զիջում չէ». Զոհրաբ Մնացականյանի հոդվածը ռուսական «Նեզավիսիմայա...

«Ուժի չկիրառումը ոչ մի կողմի զիջում չէ». Զոհրաբ Մնացականյանի հոդվածը ռուսական «Նեզավիսիմայա գազետա» օրաթերթին

36
0

Միացեք մեր Ֆեյսբուքյան էջին

News.am-ը գրում է․

Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հոդված է հրապարակել ռուսական «Նեզավիսիմայա գազետա» օրաթերթում:

Հոդվածը ներկայացնում ենք ստորեւ.

«Մայիսի 12-ին լրանում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի հաստատման քառորդ դարը։ 25 տարի առաջ Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության եւ Ադրբեջանի միջեւ ստորագրվեց հրադադարի մասին համաձայնագիրը։ Հարկ է առանձնակի ընդգծել Ռուսասատանի, ինչպես նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահ երկրների դերը փաստաթղթի ստորագրման եւ հրադադարի ռեժիմի հետագա պահպանման գործում։

Այս հիշարժան օրը լավ առիթ է ռազմական գործողությունների ավարտից հետո ստեղծված հակամարտության կարգավորման շուրջ բանակցային գործընթացի պայմաններին եւ հնարավորություններին գնահատական տալու, ինչպես նաեւ հասկանալու, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկվեն՝ նոր ռազմական գործողությունները կանխելու եւ խաղաղ գործընթացի եւ կայուն խաղաղության հաստատման անշրջելիությունն ապահովելու համար։

Հրադադարի հաստատման հիմքը դրվեց 1994թ. մայիսի 5-ին Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում, որտեղ ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի շրջանակներում կայացան Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարների միջեւ բանակցությունները եւ ստորագրվեց Բիշքեկյան արձանագրությունը։ Ի հավելում մայիսյան համաձայնագրին` 1994 թվականի հուլիսի 26-27-ին ստորագրվեց լրացուցիչ համաձայնագիր, որով երեք կողմերը հաստատեցին հրադադարի ռեժիմի անժամկետ բնույթը՝ ընդհուպ մինչեւ հակամարտության վերջնական կարգավորումը։

1995թ. փետրվարի 6-ին ուժի մեջ մտան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության եւ Ադրբեջանի միջեւ հրադադարի ռեժիմի ամրապնդման վերաբերյալ պայմանավորվածությունները: Համաձայնագիրը պարունակում է ռազմական տեսանկյունից կարեւորություն ներկայացնող մի շարք միջոցներ` ճգնաժամային իրավիճակների կայունացման եւ հրադադարի ռեժիմի ամրապնդման համար:

Միջազգային հանրությունը վճռական կերպով աջակցեց հրադադարի մասին համաձայնագրին: ԵԱՀԿ Բուդապեշտի գագաթաժողովն ողջունեց հակամարտության կողմերի կողմից 1994թ. մայիսի 12-ի համաձայնագրի հաստատումը: Հարկ է նշել, որ 1992-1993թթ. միջազգային հանրության կողմից ձեռնարկվել էին հաշտության կնքման փորձեր, սակայն դրան խոչընդոտում էր Ադրբեջանի կողմից հակամարտության ուժային լուծմանն ուղղված հետեւողական քաղաքականությունը: Այսպես` 1992 թվականի ամռանն ադրբեջանական զինված ուժերը գրավեցին Լեռնային Ղարաբաղի տարածքի 40%-ը՝ իրականացնելով էթնիկ զտումներ:

Հրադադարի մասին անժամկետ համաձայնագրի կնքման առաջին նախադրյալները ստեղծվեցին 1994թ. սկզբին, երբ Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակին հաջողվեց հետ մղել կոնֆլիկտն ուժային ճանապարհով լուծելու Ադրբեջանի վերջին փորձերը եւ դուրս գալ պաշտպանական դիրքեր, որտեղից հնարավոր էր ապահովել Արցախի բնակչության ֆիզիկական անվտանգությունը։ Այսպիսով, հակամարտության գոտում հաստատվեց ռազմական հավասարակշռություն եւ այդ պայմաններում ադրբեջանական կողմը համաձայնեց բանակցել հրադադարի շուրջ։

1994թ. մայիսի 12-ի համաձայնագրի, ինչպես նաեւ լրացուցիչ համաձայնագրերի հիման վրա հաստատված հրադադարի ռեժիմի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ այն պահպանվում է հենց կողմերի ջանքերով։ Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի միջեւ շփման գծում բացակայում է որեւէ նշանակալի միջազգային ներկայությունը։

Լեռնային Ղարաբաղի հակամարտության ռազմական փուլի ավարտը պայմաններ ստեղծեց խաղաղ կյանքի, ազատ եւ կայուն հասարակության կառուցման համար: Այսօր, Լեռնային Ղարաբաղը ոչ միայն հակամարտության անվանում է, այլեւ ինքնուրույն քաղաքական միավոր՝ զարգացման ձգտող իր դինամիկ հասարակությամբ։ Այդուհանդերձ, մարդկանց անվտանգությունը շարունակում է առավել խոցելի լինել։

Հրադադարի հաստատումից հետո ընկած այս քառորդ դարի ընթացքում ադրբեջանական կողմը բազմիցս փորձել է խախտել հաստատված հավասարակշռությունը եւ վերստին նախադրյալներ ստեղծել հակամարտության ուժային լուծման համար։ Լարվածությունն իր գագաթնակետին հասավ 2016 թ. ապրիլին, երբ ադրբեջանական զորքերը, խախտելով հրադադարի ռեժիմը, անցան լայնամասշտաբ հարձակման շփման գծի հյուսիսային եւ հարավային հատվածներում։

Ապրիլյան էսկալացիայի արդյունքները վերահաստատեցին, որ կոնֆլիկտի խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի։ Անվիճելի է նաեւ այն, որ ուժի կիրառման յուրաքանչյուր փորձ եւ յուրաքաչյուր կործանված մարդկային կյանք ավելի են խորացնում կողմերի միջեւ անդունդը եւ խարխլում վստահության մնացորդները՝ ծայրահեղ բարդացնելով բանակցային գործընթացը:

Ադրբեջանի ապրիլյան լայնամասշտաբ հարձակումը, խաղաղ բնակիչների սպանությունն ու նրանց կտտանքների ենթարկելը, ինչպես նաեւ մարտական գործողությունների ընթացքում միջազգային մարդասիրական իրավունքի այլ կոպիտ խախտումներն ակներեւ ցուցադրեցին, որ համաձայնագրի անշեղ իրագործումն Արցախի ժողովրդի ֆիզիկական գոյության եւ անվտանգության գրավականն է։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հստակ եւ միանշանակորեն պնդեցին, որպեսզի կողմերը անշեղորեն հետեւեն 1994-95 թվականների համաձայնագրերի շրջանակներում ստանձնած պարտավորությունների կատարմանը:

Վստահության եւ անվտանգության միջոցառումների իրականացման միջոցով հրադադարի ռեժիմի պահպանումն ու ամրապնդումը նպաստում են հակամարտության գոտում իրավիճակի կայունացմանը եւ նպաստավոր պայմաններ ստեղծում խաղաղ բանակցային գործընթացի համար։ Այդ առումով կարեւոր նշանակություն ունեցավ նախորդ տարվա աշնանը Դուշանբեում ԱՊՀ գագաթաժողովի շրջանակներում Հայաստանի վարչապետի եւ Ադրբեջանի նախագահի միջեւ հրադադարի ռեժիմի ամրապնդման եւ կողմերի միջեւ ուղիղ կապի ստեղծման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունը։ Կարեւոր է նաեւ, որ հրադադարի ռեժիմի ամրապնդման վերաբերյալ այդ պայմանավորվածությունները վերահաստատվեցին այս տարի Վիեննայում կայացած գագաթաժողովում:

Միեւնույն ժամանակ, ցավոք, պետք է արձանագրել հրադադարի ռեժիմի ամրապնդման եւ հնարավոր էսկալացիայի վաղ ահազանգման ինստիտուցիոնալ մեխանիզմների բացակայությունը, ինչը 1994 եւ 1995 թվականների համաձայանագրերի իրագործման լուրջ խոչընդոտ է հանդիսանում։ Այս համատեքստում մենք կարեւորում ենք 2016 թվականին Վիեննայում եւ Սանկտ-Պետերբուրգում կայացած գագաթաժողովներում ձեռք բերված ռիսկերի նվազեցման մեխանիզմների ստեղծման վերաբերյալ պայմանավորվածությունների գործնական կիրառումը, մասնավորապես` ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի առաքելության ընդլայնումը, ինչպես նաեւ միջադեպերի հետաքննման մեխանիզմի ստեղծումը:

Կցանկանայի առանձնակի ընդգծել, որ համաձայնագրի շրջանակներում պարտավորությունների կատարումը բխում է կողմերի շահերից։ 1994-ի համաձայնագիրն անժամկետ է եւ դրա շրջանակներում կողմները պարտավորություն են ստանձնել բանակցությունների հիման վրա խաղաղ կարգավորման եւ ուժի չկիրառման շուրջ։ Դա նշանակում է, որ ուժի չկիրառումը ոչ մի կողմի զիջում չէ, այլ հստակ պարտավորություն, որի պահպանումը պետք է լինի կարգավորման սկզբնակետը:

Եզրափակելով կարելի է արձանագրել, որ հրադադարի հաստատման շուրջ համաձայնագրի կնքումը ցույց տվեց, որ կառուցողական բանակցային գործընթացում բոլոր կողմերի ներգրավման շնորհիվ հնարավոր է հասնել շոշափելի արդյունքների: Համաձայնագիրի կնքումը հնարավոր է դարձել, այդ թվում` Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի միջեւ անմիջական շփումների միջոցով, ինչը եւս մեկ անգամ հաստատում է բոլոր կողմերի մասնակցությամբ լիարժեք բանակցային ձեւաչափի վերականգնման անհրաժեշտությունը:

Հրադադարի կնքումը նպաստեց Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական ագրեսիայի հետեւանքների վերացմանը: Իսկ խաղաղ գործընթացն, իր հերթին, պետք է ուղղված լինի վերացնելու հակամարտության սկզբնապատճառը, այն է՝ Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի ինքնորոշման անքակտելի իրավունքի խախտումը: Այս առումով, Լեռնային Ղարաբաղի ֆիզիկական անվտանգության եւ կարգավիճակի հարցը խաղաղ կարգավորման գործընթացում Հայաստանի բացարձակ գերակայություններն են: