Գլխավոր Լուրեր Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը ժամանեցին դատարան

Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը ժամանեցին դատարան

714
0

Արցախի գործող և նախկին նախագահներ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը ժամանեցին Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որտեղ ընթանում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի քրեական գործով նիստը. քննարկվում է կալանքը՝ խափանման միջոց ընտրելու հիմնավոր լինել-չլինելու հարցը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Արցախի ներկա և նախկին նախագահները դատարանի դահլիճում պետք է անձամբ ներկայացնեն երաշխավորություն՝ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու առնչությամբ:

Մայիսի 14-ի դատական նիստի ընթացքում Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հովհաննես Խուդոյանը ներկայացրել էր Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի անձնական երաշխավորությունը՝ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու վերաբերյալ։ Նիստը նախագահող դատավոր Դավիթ Գրիգորյանն ասել էր, որ երաշխավորության քննման համար պետք է ապահովել նրանց ներկայությունը: Մայիսի 15-ի դատական նիստի ընթացքում Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը դատարանին խնդրեց պայմաններ ապահովել, որպեսզի Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը և նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը մայիսի 17-ին օրվա երկրորդ կեսին ներկա լինեն դատական նիստին: Այդուհանդերձ, դատավորը Դավիթ Գրիգորյանը խնդրեց Արցախի ներկա և նախկին նախագահներին տեղյակ պահել, որ հնարավորության դեպքում մայիսի 16-ին ներկայանան դատական նիստին, որովհետև արդեն մայիսի 17-ին հաջորդում են ոչ աշխատանքային օրեր:

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը և երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը մայիսի 7-ին դիմել էին ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ մայիսի 9-ին ընդառաջ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու խնդրանքով: Դատախազությունը պարզաբանում էր տարածել՝ նշելով, որ ՀՀ դատախազությունը տվյալ քրեական գործով վարույթն իրականացնող մարմինը չէ, հետևաբար նախագահների կողմից ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված դիմումի քննարկումը ներկա փուլում դուրս է իրենց լիազորությունների տիրույթից: