Գլխավոր Լուրեր Ռոբերտ Քոչարյանն ազատ արձակվեց (տեսանյութ)

Ռոբերտ Քոչարյանն ազատ արձակվեց (տեսանյութ)

1112
0

News.am-ը գրում է.

Երեւանի ընդհանուր իրավասությունների Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների դատարանը՝ դատավոր Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ որոշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակել։

«Դատարանը որոշեց քրեական գործով մեղադրյալ Ռոբերտ Սեդրակի Քոչարյանի  նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխել եւ որպես խափանման միջոց ընտրել անձնական երաշխավորությունը»,– նշեց դատավոր Դավիթ Գրիգորյանը։

Քոչարյանի աջակիցները վճիռն ընդունեցին ծափերով։

Հիշեցնենք, որ մարտին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը` դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ, բավարարել էր Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց կալանավորման ժամկետը եւս երկու ամսով երկարարցնելու վերաբերյալ Հատուկ քննչական ծառայության միջնորդության վերաբերյալ։ Քոչարյանի կալանքի ժամկետը լրանում է մայիսի 19-ին։

Նշենք, որ Արցախի ներկա եւ նախկին նախագահներ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը անձնական երաշխավորություն են ներկայացրել Քոչարյանի խափանման միջոց կալանքի փոփոխման համար: Նրանք անձամբ ներկայացել էին դատարան եւ հայտնել, որ 500.000–ական դրամ են վճարել Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դեպոզիտ հաշվին։

Հավելենք, որ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է ՀՀ սահմանադրական կարգը տապալելու, ինչպես նաեւ իր պաշտոնեական դիրքն օգտագործելով «Թի Էս Էս Սի Արմենիա» ՍՊ ընկերության միակ մասնակից եւ տնօրեն Սիլվա Համբարձումյանի օգտին գործողություններ կատարելուն նպաստելու համար առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար։ Սակայն նրա փաստաբանները պնդում են, որ մեղադրանքն անհիմն է, եւ շինծու գործով իրականացվում է քաղաքական հետապնդում։