Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ կաթողիկոսը դատարաններն արգելափակելու վերաբերյալ ուղերձով է հանդես եկել, որում ասվում է.
«Սիրելի հավատավոր զավակներ մեր,
Խորը մտահոգությամբ ենք հետևում անցնող մի քանի ժամերին Հայաստանի Հանրապետությունում ստեղծված իրավիճակին:
Մեր երկրում ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրինահարգության ամրապնդման ուղղությամբ արձանագրված հաջողությունները հնարավոր է պահպանել ու զորացնել միայն եղբայրության և սիրո ոգու ամրապնդմամբ:
Կոչ ենք ուղղում մեր ժողովրդի բոլոր զավակներին` ցուցաբերել հանդարտություն, զերծ մնալ բռնություններից, խաղաղությամբ, ազգային միասնության ոգով և միմյանց նկատմամբ սիրով առլեցուն ներդնելու բոլոր ջանքերը` հաղթահարելու համար մեր առջև ծառացած մարտահրավերները:
Մենք հավատում ենք, սիրելի՛ զավակներ մեր, ձեր ողջախոհությանը և հայրենիքի ապագայի հանդեպ ձեր պատասխանատվության բարձր գիտակցությանը:
Հայրապետիս աղոթքն է, որպեսզի օրհնյալ մեր երկրի մեջ փոխըմբռնման և համերաշխության միջոցով, Տիրոջ օգնականությամբ լուծվեն առկա բոլոր տարաձայնություններն ու հակառակությունները:
Երկնառաք օրհնություն և աստվածային իմաստություն ամենքիս»: