News.am-ը գրում է․
Ոստիկանությունում խախտումների մասին Պետական վերահսկողական ծառայության (ՊՎԾ) պաշտոնակատար Արգիշտի Քյարամյանի հայտարարությունը կրում է պոպուլիստական բնույթ։ Այս մասին այսօր՝ մայիսի 23-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը։
«Պետական վերահսկողական ծառայության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ վերահսկվող օբյեկտին պարտավոր էին ներկայացնել տեղեկանք ավարտից հետո։ Ես կոռեկտ չէի համարում նման արտահայտություն այս փուլում, սակայն դեռ չավարտած փորձում են ենթադրյալ մեղադրանքներ ներկայացնել որեւէ անձանց, մինչդեռ տեղեկանք ներկայացնելուց հետո վերահսկվողը պետք է կարծիք ներկայացներ, այս ամենից հետո ՊՎԾ մասին օրենքի համաձայն պաշտոնակատարը պետք է ՀՀ վարչապետին ներկայացներ իր հայտնաբերած խախտումը, նոր ՀՀ վարչապետը կորոշեր, որ կառույցը կզբաղվի այդ խախտումով, ոչ թե ինքը շտապեր, չհիմնավորված մեղադրանքներ ներկայացներ»,–նշեց նա։
Ոստիկանապետը կարծում է՝ ՊՎԾ այդ քայլը միգուցե դիլետանտություն էր. «Ես ասում եմ՝ չկա եւ չի կարող լինել նման բան։ Ոստիկանությունը գործում է թափանցիկ եւ անհիմն եմ համարում նման խոսակցությունները։ Խոսքը այստեղ գնում է պետհամարանիշների մասին, ի՞նչ վատ բան է արել ոստիկանությունը, եթե ցանկացել է պետական սեփականություն առարկան էլ ավելի պաշտպանված լինելու համար հավելյալ լոգոներ դնել, որ կեղծիքներ չլինեն, քանի որ շատ կեղծիքներ են լինում վերջերս։ Գումարած դրան 10 տարի եւ ավելի մեկ կազմակերպություն է մասնակցել, իսկ ես աջակցել եմ, որ մեկ այլ կազմակերպություն եւս մասնակցի եւ այդ հաղթած ռուսական կազմակերպության բողոքի հիման վրա է վարչապետը հանձնարարել ուսումնասիրություն կազմակերպել»։
Հարցին՝ իսկ ոստիկանապետը կարող էր աջակցել որեւէ ընկերության, նա պատասխանեց. «Աջակցությունը եղել է նրանով, որ նա հանդիպում է ցանկացել ոստիկանապետի հետ, ես ընդունել եմ՝ չիմանալով ինքը ով է, ռուսական կողմի մասին է խոսքը, ինքն ասաց, որ տարիներ շարունակ դռները փակ են եղել իր առաջ, ես ասացի խնդրեմ, ով է ձեզ արգելել, իմ համար անհասկանալի է դա»։
Հիշեցնենք, որ Պետական վերահսկողական ծառայությունը (ՊՎԾ) ոստիկանությունում խախտումներ է արձանագրել: Ուսումնասիրելով պետհամարանիշների ձեռքբերման գործընթացը՝ ՊՎԾ-ն արձանագրել է, որ 2008-ից սկսած խախտվել է գնումների մասին օրենքը: