Գլխավոր Տնտեսական Հայաստանն ու Չինաստանն անցնում են առանց վիզային ռեժիմի. պայմանավորվածությունը ձեռք է բերվել...

Հայաստանն ու Չինաստանն անցնում են առանց վիզային ռեժիմի. պայմանավորվածությունը ձեռք է բերվել Նիկոլ Փաշինյանի այցի շրջանակում

873
0

Կառավարությունը հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև սովորական անձնագրեր կրող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջի փոխադարձաբար վերացման մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:

Արտաքին գործերի փոխնախարար Գրիգոր Հովհաննիսյանը նշեց, որ այս նախագծով երկու երկրների միջև հաստատվում է առանց վիզային ռեժիմ, որով Հայաստանի և Չինաստանի քաղաքացիներն ազատվում են մուտքի արտոնագրի պահանջից մինչև 90 օր ժամկետով՝ 180 օրվա ընթացքում:

«Միաժամանակ, միգրացիոն կարգավորումների նպատակով կողմերը պարտավորվում են արագ ու արդյունավետ միջոցներ ձեռնարկել առանց վիզային ռեժիմը չարաշահող քաղաքացիներին իրենց երկիր վերադարձի համար»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց փոխնախարարը:

Նրա խոսքով, համաձայնագրի կնքմամբ ակնկալվում է առևտրական, գործարար, միջմարդկային, զբոսաշրջային փոխանակումների առավել ակտիվացում և այս բնագավառներում գոյություն ունեցող ներուժի իրագործում: Հարկ է նշել նաև, որ տվյալ համաձայնագիրը կնպաստի նաև երկկողմ քաղաքական հարաբերությունների և փոխվստահության ամրապնդմանը:

Իր հերթին վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այս համաձայնագիրն իր Չինաստան կատարած այցելության ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում է:

Որոշման եզրակացության մեջ, մասնավորապես, նշված է, որ չինական կողմը հայտնել է, որ համաձայնագրի նախագիծը Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում անցել է ստորագրման համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը:

Նման համաձայնագիր ՉԺՀ-ն ստորագրել է Բելառուսի հետ և նախապատրաստվում է ստորագրել Մոլդովայի հետ: Վրաստանի և Ադրբեջանի դեպքում ՉԺՀ քաղաքացիների համար գործում է առանց մուտքի արտոնագրերի ռեժիմ խմբային այցելությունների համար: Սովորական անձնագրերով ՉԺՀ քաղաքացիները Վրաստան և Ադրբեջան մուտք գործելիս կարող են մուտքի արտոնագիր ստանալ սահմանային անցակետերում: Չինական կողմից նշվել է նաև, որ Ադրբեջանը դիմել է Չինաստանին նման համաձայնագիր ստորագրելու խնդրանքով, սակայն, մերժում է ստացել: Ըստ չինական կողմի՝ ՉԺՀ մուտքի արտոնագրերի տրամադրումը բարդ է նաև Թուրքիայի և Միջին Ասիայի պետությունների համար: