Գլխավոր Պաշտոնական Հազարամյա դադարից հետո վերականգնվեց Հայաստան պետությունը՝ իբրև ապացույց, որ հայ ժողովուրդը պատրաստ...

Հազարամյա դադարից հետո վերականգնվեց Հայաստան պետությունը՝ իբրև ապացույց, որ հայ ժողովուրդը պատրաստ է մինչև վերջին շունչը պայքարել. ԱԺ նախագահ

819
0

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը Հանրապետության տոնի առթիվ շնորհավորական ուղղերձ է հղել: Այս մասին հայտնում են ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից: Ուղերձում ասվում է.

«Սիրելի հայրենակիցներ, 1918-ի այս օրերին հայ ժողովուրդը, հյուծված ցեղասպանությունից, սովից, համաճարակներից, լքված դաշնակիցների կողմից, դուրս եկավ ամենաիսկական կենաց-մահու կռվի և անհավատալի սխրանք գործելով Սարդարապատում, Բաշ-Ապարանում և Ղարաքիլիսայում՝ կանգնեցրեց թուրքական զորքերի առաջխաղացումը:

Այդ սխրանքի արդյունքում հայ ժողովուրդը ոչ միայն հաստատեց ապրելու իր իրավունքը, այլև ամրագրեց իր՝ իբրև ազգային հանրույթի, սեփական հայրենիքում ինքնորոշվելու և պետականություն ունենալու իրավունքը:

Հազարամյա դադարից հետո աշխարհի քարտեզի վրա վերականգնվեց Հայաստան պետությունը՝ իբրև ապացույց, որ հայ ժողովուրդն իր սրտում շարունակում է փայփայել ազատ, արժանապատիվ ու երջանիկ հայրենիքի մասին երազանքը և պատրաստ է մինչև վերջին շունչը պայքարել այդ երազանքի համար:

100-ամյա վաղեմության այդ հերոսական իրադարձությունները մշտական ոգեշնչման, հպարտության և պատասխանատվության աղբյուր պետք է լինեն մեր համար՝ մեր երազանքների Հայաստանը կերտելու մեր հանձնառության գործում:

Շնորհավոր տոնդ, Հայաստան: Շնորհավոր տոնդ, հայ ժողովուրդ»,-ասված է ՀՀ ԱԺ նախագահի ուղերձում:

Նոր տեսանյութ.