Գլխավոր Քաղաքական Փաշինյանն իր տղայի բանակի քեֆին կարող էր ինձ չհրավիրել, բայց Սարդարապատ՝ պարտավոր...

Փաշինյանն իր տղայի բանակի քեֆին կարող էր ինձ չհրավիրել, բայց Սարդարապատ՝ պարտավոր էր. ըստ Շարմազանովի՝ 58 հոգանոց ՀՀԿ խմբակցությունից 3 մարդ է հրավիրվել

0
14330

Tert.am-ը գրում է.

Սարդարապատում Հայաստանի Առաջին հանրապետության 100-ամյակին նվիրված միջոցառումներին ԱԺ 58 հոգանոց «Հանրապետական» խմբակցությունից հրավիրվել է 3 մարդ՝ անվանական նշված, թե ով, ընդ որում՝ Արա Բաբլոյանը հրավիրվել է ոչ թե որպես ԱԺ նախագահ, այլ ՀՀԿ անդամ, ինչը արարողակարգի և էթիկայի խախտում է: Այս մասին Tert.am–ին տեղեկացրեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

«Հարց եմ տալիս՝ Ազգային ժողովի խորհրդի անդամները, ԱԺ փոխնախագահները, ԱԺ հանձնաժողովի նախագահները խորhդարանական երկրում «Ճ կլասի պաշտոնյանե՞ր են», թե պաշտոնյաներ, որոնք օրենսդրի ղեկավարներն են: Օրենսդրի ղեկավարներն են, չէ՞, բա պարոն Փաշինյա՛ն և սիրելի՛ կառավարություն, էս Մայիսի 28-ը, որ տոնում եք, բա ո՞ւր են Ազգային ժողովի խորհրդի անդամները»,- ասաց նա:

Հարցին՝ այսինքն Սարդարապատ գնալը հրավիրելո՞վ է, ԱԺ փոխնախագահը պատասխանեց. «Այո՛, հրավիրելով է, Ազգային ժողովից ընդամենը 13 պատգամավոր են հրավիրել, անուն-ազգանունները գրված. 4 հոգի՝ «Ելք» խմբակցությունից, 3 հոգի՝ Դաշնակցությունից, 3 հոգի՝ «Ծառուկյան» խմբակցությունից, իսկ 58 հոգանոց Հանրապետական խմբակցությունից հրավիրել են Արա Բաբլոյանին, այն էլ ոչ թե որպես ԱԺ նախագահ, այլ ՀՀԿ անդամ, Վահրամ Բաղդասարյանին ու Ֆելիքս Ցոլակյանին: Անունն էլ իրենք են գրել, թե ով պետք է գա»,-ասաց Շարմազանովը:

ԱԺ փոխխոսնակի խոսքով՝ ինքը Հայաստանի անկախ պետականությանն 26 տարվա ընթացքում չի հիշում մի դեպք, երբ Ազգային ժողովի  փոխնախագահները հրավիրված չէին:

«Նիկոլ Փաշինյանը կարող էր ինձ իր տղայի բանակի քեֆին չհրավիրել, բայց ոչ այսօր՝ Սարդարապատ: Կարող է իր ընտանեկան միջոցառմանը չհրավիրել, բայց կա պրոտոկոլ, կա գործընկերություն և կա առնվազն՝ գործադրի և օրենսդրի փոխադարձ հարգանքի ու իշխանությունների տարանջատման սկզբունք, որը ուզում է վարչապետը Փաշինյանը լինի,Սարգսյանը լինի, պարտավոր են բոլորը հարգել»,-ասաց նա:

ԹԵՐԹ.am